Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԻՖ 2. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը կարող է ծնվել որպես ներքաղաքական պայքարի արդյունք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նախորդ միֆում անդրադարձել էի Հայաստանի վերափոխման ռազմավարությանը` որպես հակառակորդների ռազմավարություններին դիմակայող հրամայական ու կարևորագույն գործոն: 

Այս հոդվածում դիտարկում եմ, թե ինչու Հայաստանի վերափոխման ռազմավարությունը չի կարող մշակվել և իրագործվել՝ որպես այսօրվա ներքաղաքական պայքարի կամ մրցակցության արդյունք։

——————

44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո դասեր քաղելու նշաններն առայժմ տեսանելի չեն։

Իշխանությունները, անտեսելով հանրային կարծիքը, շարունակում են շարժվել սխալ ուղղությամբ։ Շարունակում են անտեսել սեփական սխալական մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտություն, որի մասին տեղեկատվության և հիմնավորվածության պակաս չի եղել որոշումների ընդունման ամենաբարձր մակարդակում։ Անհրաժեշտություն, որի գիտակցությունը, գոնե ներքին ինքնախոստովանությունների տեսքով եղել է, սակայն, չի դրսևորվել որոշումների տեսքով՝ ինչպես բազմաթիվ այլ քաղաքական նպատակադրումների և խոստումների դեպքում։

«Նախկինների» կողմից առաջնորդվող խորհրդարանական ընդդիմությունը, իր հերթին, շարունակում է իշխանությունների հանդեպ ատելության խոսքի հիման վրա կառուցվող դիմադրության իր ապարդյուն փորձերը՝ անտեսելով 2021 թվականի ընտրություններում ժողովրդի կողմից տրված գնահատականը։ Գնահատական, որը խոսում է այդ ընդդիմության նկատմամբ ժողովրդի ավելի մեծ բացասական վերաբերմունքի մասին։ Գնահատական, որն ավելի է ամրապնդվում՝ այդ ընդդիմության կողմից իշխանությունների դեմ ծավալվող վարկաբեկման ու ատելության քարոզին զուգընթաց։

Իրական առաջնորդության վակուումը խորհրդանշող այս երկու բևեռների միջև, ժողովուրդը շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում, քանի որ առաջնորդության կենսունակ այլընտրանքների բացակայության պարագայում ստիպված է նախընտրել այդ բևեռներից մեկին՝ չարյաց փոքրագույնի սկզբունքով։ Մինչդեռ այս սկզբունքն ունի կործանարար բնույթ, քանզի դատապարտում է հայ ժողովրդին ունենալ ձախողված առաջնորդներ իր պատմության ամենապատասխանատու փուլերից մեկում։

Սեփական ամբիցիաներն ու պատվախնդրությունը ազգային-պետական շահերին ստորադասելու անընդունակ այս երկու բևեռի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց հարող այլ գործիչները, միմյանց վարկաբեկելով ու պիտակավորելով և դրա հիման վրա ժողովրդին շարունակաբար պառակտելով զբաղվում են ինչպես սեփական և այնպես էլ համազգային ներուժի վատնումով։ Առաջնորդների դերը ստանձնած քաղաքական գործիչները իրենց խոսույթներով շարունակում են ժողովրդին տրոհել արհեստական խմբերի ու «ցեղատեսակների» (մշակութային իմաստով), ժողովրդի մեջ ներմուծել այնպիսի անթույլատրելի ու կեղծ բաժանարար գծեր, ինչպիսիք են՝ սևերն ու սպիտակները, կիրթերն ու անկիրթները, հայաստանցիներն ու արցախցիները, «նիկոլականներն» ու «հականիկոլականները», ռուսամետներն ու արևմտամետները, ազգայիններն ու ապազգայինները, գիտակիցներն ու անգիտակիցները և այլն։

Ստեղծելով հանրության մեջ այս բևեռացումը «նախկիններն» ու «ներկաները» կարողանում են քաղաքական դաշտում գոյատևել մեկը մյուսի հաշվին։ Իշխանությունը, բացի «նախկինների» թեմայից՝ նրանց «հետ գալու» սպառնալիքից, քաղաքական բովանդակություն չունի: «Նախկիններն» էլ, որպես ամենամեծ ֆինանսական և մեդիա ռեսուրսներին տիրապետող ուժ, «ամրագրել են» իրենց մենաշնորհային տեղը ընդդիմադիր դաշտում, քանի իշխանության է ՔՊ-ը ու Ն.Փ.-ը:

Ընդ որում «նախկիններն» ու «ներկաները» գնալով ավելի են մերձենում ու նմանվում միմյանց՝ գործելաոճերով։ Այսպես․ եթե «ներկաները» «նախկիններից» ընդունեցին և թարմ ուժերով շարունակեցին շահագործել «ԽԾԲ» համակարգն ու օլիգարխների և թաղային հեղինակությունների հետ համագործակցությունը, չարաշահել դատաիրավական համակարգի վրա ունեցած ազդեցությունը, իրականացնել քաղաքական նպատակահարմարությունից ու հավատարմությունից, այլ ոչ թե արհեստավարժությունից ու պետությանը ծառայելու առաքելությունից բխող նշանակումները, ապա «նախկինները» «ներկաներից» ընդունեցին ու նորովի բացահայտեցին «կարգախոսային» գործելաոճը, նախապաշարմունքների հիման վրա մարդկանց «պիտակավորելը», հանրային կարծիքը կամ սեփական կարծիքի հետ չհամընկնող այլ կարծիքներն «անտեսելու» ունակությունը։ Արտախորհրդարանական ուժերի մեծ մասը, համագործակցելով այս երկու բևեռներից մեկի հետ, կամ ընդունելով ու գործածելով վերընշված արատավոր բարքերը, իրենց հերթին, սեփական ներդրումն են ունենում քաղաքական դաշտի շարունակական ապականման ու ամայացման մեջ։

Ժողովրդին համախմբելու և առաջնորդելու համար հարկավոր են հանրությանը՝ որպես ամբողջություն լսելու ընդունակ, պետական մտածողությունը սեփական կամ անձնական պատվախնդրությունից վեր դասող իրական պետական գործիչներ, ի տարբերություն միայն սեփական շրջապատին կամ «ցեղատեսակին» հաճո և այդ խմբի պատկերացումներով սահմանափակվող ու առաջնորդվող քաղաքական գործիչների։ Այսօրվա դրությամբ հայկական քաղաքական դաշտը զուրկ է նման առաջնորդներից, համենայն դեպս, տեսանելի մակարդակում։ Արդյունքում վարկաբեկվում և ապարդյուն են դառնում ինչպես համախմբման կոչերն, այնպես էլ այդ կոչերը հնչեցնող քաղաքական գործիչները։ Արդյունքում հաջորդ սերունդը զրկվում է ավելի ուժեղ առաջնորդություն ու պետություն ունենալու հնարավորությունից։ Ի վերջո, պատմության գրքերում չի նշվելու, թե ով էր ավելի հայրենասեր կամ պատվախնդիր, կամ ինչ ժառանգություն է ստացել օրվա իշխանությունը նախորդ իշխանությունից։ Նշվելու է միայն հաջորդ սերունդին թողած ժառանգության մասին, իսկ այդ ցուցանիշով՝ և՛ «նախկինները», և՛ «ներկաները» հավակնում են պատմության մեջ մտնել որպես հայոց ինքնիշխանության անկման մեջ ամենամեծ ներդրում ունեցած առաջնորդներ։

Ներիշխանական պայքարի կործանարար տեղապտույտում ստորադասվում է միասնական ազգային-պետական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Իրար հետ թեժ ապաքաղաքական ու գաղափարազուրկ մրցակցության մեջ գտնվող կուսակցություններն ու քաղաքական ուժերը պատրաստ չեն գտնել համագործակցության որևէ եզր, նույնիսկ երբ գործը վերաբերում է ընդհանուր ապագայի կերտմանը։ Ընդհանուր օրակարգի ձևավորման ցանկացած փորձ, ցանկացած ռազմավարական փաստարկ քաղաքականացվում ու պարզունակացվում է, դիտարկվում միայն ինքնանպատակ` նեղ քաղաքական հակափաստարկի ձևավորման, կարճաժամկետ ու պոպուլիստական դիվիդենդներ քաղելու անհրաժեշտության տեսանկյունից։ Այդպես էր 2019 և 2020 թվականներին, երբ փակ լսումներ էի անցկացնում խորհրդարանական ուժերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության շուրջ։ Առավել ևս այդպես է դարձել հիմա, 44-օրյա պատերազմից ու արտահերթ ընտրություններից հետո ձևավորված՝ է՛լ ավելի այլասերված քաղաքական դաշտի պայմաններում։ Այս տեսակ ներքաղաքական պայքարն ու մրցակցությունը կործանարար է Հայաստանի համար և ուղիղ կերպով սպասարկում է այն օտար պետությունների ռազմավարական օրակարգերը, որոնք նպատակադրվել են թուլացնել ու պետականազրկել Հայաստանը։ Ինչպես 32 տարի առաջ իր խոսքում ասաց Սպարապետը․ «Հրաշք չկա, մանրակրկիտ մշակված ծրագիր է․ սպասում են մենք իրար միս ուտենք»։

Ինչո՞ւ 30 տարվա պետականության ուղին անցնելով՝ Հայաստանը կրկին հայտնվեց իր նորագույն պատմության սկզբնակետում, որտեղ հայ ժողովուրդը պիտի նորից լուծի Արցախի գոյատևման և դրանից բխող հայոց պետականության կառուցման հարցը։

Ինչո՞ւ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարով սկսվեց Հայաստանի բանակցային դիրքի շարունակական թուլացումն ու սեփական նշաձողի իջեցումը։

Ինչո՞ւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները դուրս մղվեցին բանակցային գործընթացից, Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը վերածվեց տարածքային հարցի, իսկ Արցախի կարգավիճակի հարցը՝ էթնիկ հայերի անվտանգության հարցի։

Ինչո՞ւ հազարավոր կյանքերի գնով ազատագրված Շուշին և ապաշրջափակումից ազատագրված Արցախը 26 տարվա ընթացքում չդարձան անառիկ, որպեսզի բացառվի նոր շրջափակումը։

Ինչո՞ւ է Արցախի երկինքը մինչ օրս մնում բաց ու անպաշտպան։

Ինչո՞ւ Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը ենթարկվեցին դեպոպուլյացիայի և չարժանացան Հայաստանի իշխանությունների պատշաճ ուշադրությանը։

Ինչո՞ւ տարածաշրջանում խախտվեց ռազմավարական հավասարակշռությունը, իսկ միջազգային հանրությունը դե ֆակտո միասնաբար հանդուրժեց հայ ժողովրդի դեմ սանձազերծած ցեղասպան պատերազմը՝ չխորշելով նույնիսկ հայոց ցեղասպանությունը մինչ օրս չճանաչող Թուրքիայի որոշիչ մասնակցությունից։

Ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Արցախի անկախությունը։

Արդյոք 2018 թվականին Արցախի հիմնահարցն այնպիսի փակուղո՞ւմ էր, որ միակ խելամիտ ելքը տարածքների անվերապահ հանձնումն ու 30-ամյա պայքարից հրաժարումն էր։

Արդյոք գերտերությունները պատրա՞ստ չէին ընդունել Արցախի հարցի այլ կարգավորում, քան Հայաստանի կողմից միակողմանի զիջումները։

Արդյոք Հայաստանի ազգային-պետական շահերը դատապարտվա՞ծ էին հակադրվելու տարածաշրջանում դերակատարում ունեցող հիմնական ուժերի շահերին։

Արդյոք Մեղրին ավելի կարևո՞ր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Արցախը:

Այս և այլ ռազմավարական հարցերի պատասխանները, որոնք տարբեր ժամանակներում առաջ են քաշվել տարբեր քաղաքական գործիչների և վերլուծաբանների կողմից, կարելի բաժանել երկու հակոտնյա պայմանական տիրույթների՝ «թույլ» և «ուժեղ» Հայաստանի խոսույթների։ «Թույլ» Հայաստանի խոսույթներից են․ սեփական դժբախտություններն ու անհաջողությունները գերակայապես արտաքին գործոններով պայմանավորելը, ներկայում կամ նախկինում արձանագրած անբավարար արդյունքները՝ որպես ավելի բացասական հետևանքներից խուսափելու ելք ներկայացնելը, կործանարար օրինաչափությունները բեկող հավակնոտ տեսլականները՝ որպես անիրական ու անպատասխանատու պիտակավորելը, ավելիին ձգտելու փոխարեն՝ եղածը չկորցնելու վրա կենտրոնանալը։ Ընդ որում` նմանատիպ մոտեցումները հիմնավորվում են այնպիսի թեզերով, ինչպիսիք այն, որ հայերն ավելի աղքատ են, քիչ են, շրջապատված են, հրեաների պես բացառիկ չեն և այլն։ «Ուժեղ» Հայաստանի խոսույթներից են․ սեփական անհաջողությունները սեփական թերացումներով պայմանավորելը, սեփական ուժերի նկատմամբ հավատն ու սեփական ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու հրամայականը, սեփական ներուժի բացահայտումն ու դրա միջոցով կարողությունների բազմապատկումը, եղածով չբավարարվելն ու ավելիին ձգտելը։

«Թույլ» Հայաստանի ջատագովները մեղադրում են «ուժեղ» Հայաստանի ջատագովներին արկածախնդրության, երազկոտության և ուժերի ոչ ռացիոնալ գնահատման մեջ, իսկ վերջիններս առաջիններին՝ ինքնադատապարտման, պարտվողականության և զոհի կերպարի արմատավորման մեջ։ «Թույլ» Հայաստանը, ըստ սահմանման, այսօրվա գիշատիչ աշխարհում հզորանալու հեռանկար չունի և լավագույն դեպքում կարող է երկարաձգել իր գոյությունը։ «Ուժեղ» Հայաստանն ունի սեփական ճակատագիրը բեկելու հնարավորություն, սակայն պահանջում է շատ ավելի մեծ կամք, ջանք ու ձիրք:

Վարչապետի կողմից հռչակված, սակայն մինչ օրս չմեկնարկած Հայաստանի վերափոխման ռազմավարությունը «ուժեղ» Հայաստանի նորովի կառուցման մասին էր։ Այդ ռազմավարության հիմքում ընկած հաջողության գործոններն էին՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ու միմյանց նկատմամբ վստահության սերմանումը, պետական իշխանությունների առաջնորդությամբ քաղաքական ու հանրային դաշտում լայն համագործակցության ու միասնական օրակարգի շուրջ միաբանության ստեղծումը։ Իմաստը՝ այնպիսի ռազմավարություն ունենալն էր, որը կբխի ընդհանուր և մնայուն ազգային-պետական շահերից, արժեքներից ու նպատակներից։

Ռազմավարություն, որն երկարաժամկետ զարգացման օրակարգը կապահովագրի փոփոխական ու վնասակար քաղաքական ու խմբային նախապաշարմունքներից, նախասիրություններից, ազդեցություններից ու նպատակահարմարություններից կամ պոպուլիստական կոչերից («Ապագա կա՛, կա՛ ապագա»)։

Ռազմավարություն, որի նպատակների իրագործմանը կլծվեն և՛ այսօրվա, և՛ վաղվա իշխանությունները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախընտրական ծրագրերից։

Ռազմավարություն, որը պայմանավորված կլինի հստակ ձևակերպված երկարաժամկետ ռազմավարական թիրախների գերակայությամբ, գերտերությունների համար երկարաժամկետ ու մնայուն արժեքային առաջարկությունների (value proposition) ձևավորմամբ, համազգային ներուժի արդյունավետ իրացմամբ։ Քաղաքական պայքարը այս պարագայում կվերածվեր նշված ընդհանուր նպատակներին հասնելու համար առավել արդյունավետ այլընտրանքային ռազմավարական լուծումներ առաջարկող ուժերի միջև կառուցողական, մրցակցային ու գաղափարական պայքարի։

Փոխարենն այսօր իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը շարունակում են հանրությանը «կերակրել» ներիշխանական պայքարի կեղծ ու փակուղի տանող օրակարգով՝ անցյալում կատարված գործողությունների և անգործության համար փոխադարձ մեղադրանքներով ու արդարացումներով, ներքին բաժանարար գծերով։ Երկու կողմն էլ շահագործում է պարտություն կրած ժողովրդի ծանր հոգեբանական վիճակը՝ ժողովրդի մեջ սերմանելով փոխադարձ անվստահություն, անհանդուրժողականություն, ատելություն ու սեփական ուժերի նկատմամբ անհավատություն։ Սա է այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի դիմագիծը, քաղաքական պայքարի բնույթը։

Քանի դեռ պետական իշխանություններն ու վարչապետը չեն ստանձնել իրենց վրա վերցված պարտավորությունները՝ սրբազան պարտականությունը առաջնորդելու և իրապես ու հաստատապես, որպես համահայկական շարժում, մեկնարկելու Հայաստանի վերափոխման միասնական օրակարգի ձևավորումը, սեփական նեղ սխալական պատկերացումների մեջ ինքնամեկուսացած, նրանք կշարունակեն չարաշահել ժողովրդից ստացած մանդատը։ Կշարունակեն խրախուսել ժողովրդին ապրել միայն այժմեական հոգսերով, մոլորեցնել, որ այսօրվա՝ հակառակորդների կողմից պարտադրված խաղաղությունն ավելի կարևոր է, քան վաղվա՝ ազատությունն ու գոյությունը երաշխավորող սեփական ամուր ու հզոր պետության կառուցումը։ Կշարունակեն բազմապատկել ու բարդել վաղվա հոգսերը վաղվա սերնդի ուսերին։ Կշարունակեն պայմաններ ստեցծել ժողովրդի արմատացած հոգեբանական ախտանիշների դրսևորման համար․ չհավատալ սեփական միասնությանն ու միաբանությանը, չհավատալ սեփական ուժերին, հույսը դնել արտաքին հովանավորի վրա, ապրել փոքր և ճնշված երկրի կամ ժողովրդի սինդրոմով, տառապել աշխարհաքաղաքական «ինֆանտիլիզմով» ու խնամառուական հոգեբանությամբ։

Եթե այսօրվա իշխանություններն ու վարչապետը շարունակեն ուրանալ իրենց սրբազան պարտականությունը, չապաշխարեն ու չառաջնորդեն միասնական համազգային օրակարգի ձևավորման շարժումը, այդ օրակարգը միևնույն է կձևավորվի։ Եվ արդեն այդ օրակարգը կձևավորի նոր իշխանություն ու առաջնորդներ: Ինչպես դա եղավ 34 տարի առաջ։ Թե երբ և ում համար ինչ գնով դա տեղի կունենա՝ կարձանագրի ամեն ինչ տեսած հայոց պատմությունը։

——————

Ծանուցում։ ՀՀ քաղաքական առաջնորդությունը մինչ օրս չի գործարկել Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսում էր հասցեագրել վերը նշված գործնական հրամայականները, ըստ էության, թողնելով այն սին կարգախոսների և կառավարության ծրագրերի նախաբաններում նշվող ձևական հղման մակարդակի վրա։

Լեւոն ՄԱԶՄԱՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական