Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միջազգային հանրությունը հասցեական գնահատական և մոտավոր ճանապարհային քարտեզի պատկերացում է տալիս․ Փաշինյան

«Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավական լարված, կայուն լարված։ Բայց կարծում եմ՝ նաև Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով։ Դուք տեղյակ եք, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ֆորմատով, տեղի է ունեցել նաև ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի և Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը։ Նաև նախորդ օրը տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Երեկ տեղի ունեցավ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հեռախոսազանգը։ Պարզ է, որ այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց պիտի նաև ասեմ, որ մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել, որոշակի տարածք է բացել։ Եվ այս առումով ես ուզում եմ հետևյալ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ ավելի վաղ խոսել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին։ Եվ կան նախանշաններ, որ այս հենքը և մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։

«Ես կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Իսկ ես այս երկու ուղղությունները համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող։ Նաև պիտի արձանագրեմ, որ մենք ըստ էության այս փուլում բավարարված ենք սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադրաձությունների վերաբերյալ միջազգային արձագանքով, բայց մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի միջազգային աշխատանքը լինի հետևողական։ Ըստ էության ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և մոտավոր ճանապարհային քարտեզի պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը, ինչպես հաղթահարենք իրավիճակը»,- ասաց նա։