Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվայի արձագանքը Լաչինում անցակետի վերաբերյալ տեղեկությանը

Համացանցում Արցախում ռուսական կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Վոլկովի հարցազրույցի հայտնվելուց հետո, որտեղ նա ասում է, որ Բաքվի հետ պայմանավորվել են անցակետ տեղադրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ, հայտարարություն տարածեց Արցախի ԱԱԾ-ն, որտեղ նշվում է, որ «քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»:

Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Արցախի Անվտանգության խորհուրդը, որում նշվում է, որ տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասխանում։ Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից»։

Այս արձագանքներն ուղեկցվեցին ավանդական՝ «դա հարված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը» դայլայլով։ Իսկ ռուսներին հետաքրքրո՞ւմ է իրենց խաղաղապահների հեղինակությունը, բան ու գործ չունե՞ն։ Թե՞ դա թողել են հայերի վրա։

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ արցախյան պատկան մարմինները չեն հերքել Վոլկովի հայտարարությունը, եւ այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչը կամ ում են հերքում։

Իսկ ռուսների բան ու գործը կոնկրետ է, տեսանելի ու լսելի՝ Կրեմլից մինչեւ Վոլկովի հարցազրույց։ Հին Թաղեր, Խծաբերդ, Փառուխ, Բերձոր, Աղավնո, Գետավան․․․ Լաչինի միջանցքով անցնող հաղորդակցությունների վերահսկողության հանձնում Բաքվին՝ գազատարի վրա փական տեղադրելով։ Շուշիի մոտ ճանապարհը փակելով ու Բաքվի «բնապահպաններին» Ստեփանակերտի իրենց բազա ուղեկցելով ու «բանակցելով», որից հետո պարզ դարձավ, որ համաձայնեցվել է ճանապարհային քարտեզ, որի համաձայն Բաքվի «մասնագետները», իմա՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու զինվորականներն ազատ ելումուտ են ունենալու Արցախի կարեւորագույն օբյեկտներ, այդ թվում, պետք չէ կասկածել՝ զինվորական։

Լաչինում ինչ որ ռենտգեն սարք տեղադրելու, հայկական բեռները ստուգելու, խաղաղապահների մասնագետների վերաբերյալ խոսակցությունները հայերի գլխի տակ փափուկ բարձ դնելու շարքից են, ինչպես մնացյալ դեպքերում։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անցակետի, հայկական կողմի պնդմամբ՝ ռենտգեն սարքի, տեղադրման վերաբերյալ Վոլկովի հարցազրույցը հետեւեց Բաքվի «բնապահպանների» ակցիային, ճանապարհի փակմանը եւ Բաքվի դժգոհություններին, թե այդ ճանապարհով հայերը զենք ու այլ արգելված առարկաներ են տեղափոխում Արցախ։ Այսինքն, Բաքուն ուղիղ մուտք է ունենալու ռուսների տեղադրած սարքերին։ Հակառակ դեպքում, ինչ կարիք կար սարքեր տեղադրել, եթե «խաղաղապահներն» այսպես թե այնպես կարող են ստուգել ցանկացած մեքենա։

Սարքերը միայն պատրվակ են, ինչպես նաեւ «բնապահպանները»։ Լավրովը երեկ հայտարարեց, որ հարցերը լուծվելու են Ալմաթիի հռչակագրի հիման վրա, իսկ Բաքուն երաշխավորելու է հայ բնակչության իրավունքները։ «Խաղաղ համակեցությունը» ենթադրում է Բաքվի մուտքը Արցախ եւ Հայաստանի հետ կապող մայրուղի, Արցախի զինաթափում եւ հայկական պաշտպանական դիրքերը կազմալուծում, ինչն էլ իրականացնում է ռուսական կոնտինգենտը ՀՀ իշխանության ագենտուրային համագործակցության եւ Բաքվի շահերի հիմքով։

Թվում է՝ այսքանից հետո պետք է ընկալվեր հայկական հողի եւ իրավունքների գողացման եւ թուրքերին հանձնելու ռուսական հարյուրամյա մեխանիզմը, խաղաղապահների հեղինակության մասին ապուշությունների եւ նրանց գործողությունների փաստաբանության փոխարեն։ Մոսկվայի արձագանքները եւ գործողությունները հիմնված են հայկական կողմի հենց այդ փաստաբանության եւ ապուշությունների վրա։

Երբ ընկալվում է մեխանիզմը, պարզ է դառնում նաեւ այն քանդելու ձեւը։ Այդ ձեւն արդեն պարզ է եւ իրագործելի։