Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մունդիալ-2022․ Իսպանիան ու Գերմանիան դիտարժան խաղում հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին E խմբում ընդգրկված Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի հենց մեկնարկից երկու թիմերն էլ շատ ակտիվ էին գործում՝ փորձելով գտնել միմյանց դարպասի բանալին։

Գնդակին մեկնարկից ավելի շատ էին տիրում իսպանացիները, իսկ գերմանացիներն ակտիվ պրեսինգ էին կիրառում մրցակցի կիսադաշտում, որը երբեմն աշխատում էր, սակայն այդպիսով գերմանացիները նաև ազատ տարածություններ էին թողնում իսպանացիների արագ հակագրոհների համար։ Այդպիսի կայծակնային հակագրոհներից մեկի ժամանակ գոլի հեղինակ կարող էր դառնալ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռան Տոռեսը, սակայն շատ նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։ Տոռեսի վրիպումից րոպեներ անց գնդակը հայտնվեց Իսպանիայի հավաքականի դարպասում։ Տուգանայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Ռուդիգերը, սակայն մրցավարը չհաշվեց գոլը, քանի որ Ռուդիգերը փոխանցման պահին խաղից դուրս վիճակում էր։

Թիմերն ընդմիջման գնացին առանց գոլերի։ Երկրորդ խաղակեսում էլ իսպանացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, սուր գրոհներ էին կազմակերպում, սակայն գրոհների առումով նրանցից հետ չէին մնում նաև գերմանացիները։ Երկրորդ խաղակեսն անցնում էր փոխնիփոխ գրոհներով, երկու թիմերն էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեին, սակայն առաջինը նման բախտ վիճակվեց իսպանացիներին։ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Ալվարո Մորատան։

Բաց թողած գոլից հետո գերմանացիները մեծացրին ճնշումը և 20 րոպե անց կարողացան վերականգնել հաշվի հասարակշռությունը։ Գոլի հեղինակ դարձավ Նիկլաս Ֆյուլկրուգը։ Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին գերմանացիները կարող էին նաև հաղթանակ կորզել, սակայն, Լերոյ Սանեն, մեն-մենակ մնալով իսպանացիների դարպասապահ  Ունաի Սիմոնի դեմ, փորձեց շրջանցել նաև նրան ու կորցրեց պահը։ Իսպանիա-Գերմանիա՝ 1-1։

Այս խաղից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Իսպանիայի հավաքականը։ Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հավաքականներն ունեն 1-ական միավոր, իսկ Գերմանիան 1 միավորով եզրափակում է աղյուսակը։ Հաջորդ տուրում Գերմանիան կխաղա Կոստա Ռիկայի, իսկ Իսպանիան՝ Ճապոնիայի հետ։