Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը հնարավորություններ է տալիս դասական երաժշտության ասպարեզում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում օգոստոսի 13-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում դաշնամուրային երաժշտության երեկո է։ Դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը կներկայացնեն Մոցարտի Դաշնամուրի սոնատը չորս ձեռքի համար, Շուբերտի Դաշնամուրի ֆանտազիան չորս ձեռքի համար, հատվածներ Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» սյուիտից չորս ձեռքի համար և հատվածներ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից չորս ձեռքի համար։

Սոնա Բարսեղյանը նշում է, որ Արմինե Գրիգորյան և Սոնա Բարսեղյան դուետը տարիների պատմություն ունի։ Երաժիշտները համատեղ հանդես են գալիս 2003 թվականից, իսկ երկացանկը շատ ընդգրկուն է։

Սոնա Բարսեղյան

Օգոստոսի 13-ին կատարվելիք ծրագիրը, Սոնա Բարսեղյանի տեղեկացմամբ, դուետը բազմաթիվ անգամներ ներկայացրել է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ «Մեր և ունկնդրի կողմից շատ սիրված ստեղծագործություններ են՝ տարբեր ժանրերից հավաքված փունջ»,- ասում է դաշնակահարուհին։

Նշենք, որ Սոնա Բարսեղյանը «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում օգոստոսի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա նաև թավջութակահար Սևակ Ավանեսյանի հետ։ Համերգային ծրագրում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի, Կլոդ Դեբյուսիի, Իգոր Ստրավինսկու, Դավիդ Պոպերի ստեղծագործությունները։ Երկու երաժիշտներն առաջին անգամ են միմյանց հետ համագործակցում։ Սոնա Բարսեղյանը նկատում է, որ համերգային ծրագիրն առաջարկվել է Սևակ Ավանեսյանի կողմից, ինչն իր կողմից սիրով ընդունվել է։

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) հետ համատեղ:

Սոնա Բարսեղյանը, ի դեպ, օրերս է վերադարձել Իտալիայից, որտեղ մասնակցում էր Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից կազմակերպված Chieti Classic-2022 փառատոնին։ Հայ դաշնակահարուհին այս փառատոնի շրջանակներում հանդես է եկել «Կիևի վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ դիրիժոր Ալան Կիրկոպի ղեկավարությամբ և կատարել է Մոցարտի Թիվ 12 կոնցերտը։

Խոսելով Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի մասին՝ Սոնա Բարսեղյանն ընդգծում է, որ շնորհիվ նախագահ Կոնստանտին Իշխանովի՝ դասական երաժշտության ասպարեզում հիմնադրամը մեծ հնարավորություններ է տալիս շատ երաժիշտների, կոմպոզիտորների, դիրիժորների և նվագախմբերի՝ ներկայացնելու իրենց արվեստը. «Ես վստահ եմ, որ շատ մեծ հեռանկարով և արագ զարգացող հիմնադրամ է՝ դասական երաժշտության ասպարեզում ողջունելի առաքելությամբ»։

Հիշեցնենք, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը Երևանում կանցկացվի օգոստոսի 12-25-ը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ։ Կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում ստեղծագործած կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ ժամանակակից հեղինակների գործեր։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ