Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախագիծն էական նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. նախարարը՝ ատեստավորման մասին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով»,-ասաց Պապիկյանը:

Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայում զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր: Իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռք բերման օրվանից: Զբաղեցրած պաշտոնում ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Փաթեթն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկներ էին ներկայացվել «Հայաստան» խմբակցությունից: Պապիկյանի խոսքով՝ դրանք չեն ընդունվել հիմնավոր պատճառաբանությամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը  նշեց՝ ընդունված է, որ ատեստավորումը մասնագիտական առաջխաղացման համապատասխանելիության հարց է: Սակայն պատգամավորի կարծիքով՝ նախագծով ատեստավորումը դառնում է աշխատավարձի, հավելավճարի, գումարի հետ կապված հարց, այլ ոչ թե մասնագիտական առաջխաղացման, համապատասխանելիության:

Նախարարը պատասխանեց, որ դա ամենևին էլ այդպես չէ:  Այն զինվորականը, որը 3 տարվա ընթացքում չի ատեստավորվի, ինչ-որ փուլում նրա պայմանագիրը չի երկարաձգվի: «Մենք մտցնում ենք մի համակարգ, երբ պաշտոնի առաջխաղացումը բխելու է նրանից, թե ինչ բնութագիր ունի տվյալ զինվորականը, նրա վերադաս հրամանատարությունն իր ծառայության ընթացքում ինչպես է բնութագրում տվյալ անձին: Այս ատեստացիոն համակարգը միայն աշխատավարձի մասին չէ, այն ունի խորը բովանդակություն, այն մեր պատկերացրած զինվորականի մասին է՝ զինվորականի պահվածի, կեցվածքի, էության, և ընդհանրապես այն բովանդակության, որին ձգտում ենք բոլորս»,-ասաց Պապիկյանը:

Նա հավելեց՝ նախագիծը լուծում է մի քանի խնդիր, կարևորներից մեկը սոցիալական խնդիրն է, երկրորդը՝ մոտիվացիան, երրորդը՝ կադրային բանկ ստեղծելը: «Այս նախագիծը, այս նախաձեռնությունը էական նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին»,-ընդգծեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց՝ կառավարության որևէ նախաձեռնության, որը ենթադրում է ԶՈՒ-ում հավելավճար տալուն, չեն կարող դեմ լինել, սակայն, հաշվի առնելով, որ իրենց մտահոգությունները չեն փարատվել իրենց առաջարկներով, քվեարկությանը չեն մասնակցի: