Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախագծով առաջարկվում է սահմանել՝ գործարքը կհամարվի առոչինչ, եթե չեն պահպանվել օրենքի պահանջները. 300 000 դրամից ավելի վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջեւ փոխառությունները՝ 300 հազար դրամը գերազանցելու դեպքում եւ այլն: Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:

«Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առոչինչ եւ անվավեր: Այս դեպքում ցանկացած շահագրգիռ անձ տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան եւ պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետեւանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացած արժեքը դրամով: Նշված կարգավորումը գործելու է նաեւ այն դեպքերում, երբ գործարքը մասնատվում է, եւ վճարումը մաս-մաս է կատարվում՝ օրենքի պահանջներից խուսափելու նպատակով: Այս դեպքում նույնպես գործարքն առոչինչ կհամարվի:

Տնտեսվարող սուբյեկտները պետք է պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումը՝ բացառությամբ կրպակների: Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:

Նախագծին ԱԺ ֆինանսավարկային են բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կավելանան պետական բյուջեի մուտքերը, քանի որ կկրճատվի ստվերային շրջանառությունը:

ԱԺ