Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը կներկայացվի Կառավարություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ Ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Ոստիկանությանն ու Միգրացիայի ծառայությանը:Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։

Նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածին բնորոշ, տրվել են այնպես, որ ոչ թե ապահովվի միավորվող կառույցների մեխանիկական միացումը, այլ իրապես ձևավորվի նոր նախարարություն, որի միջոցով հնարավոր կլինի մեկ կետից ապահովել արդյունավետ կառավարում՝ ճգնաժամային իրավիճակներում:

Սարգսյանը նաև փաստել է, որ մինչև Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորումն ապահովելը, կարգավորումներն ընտրվել են այնպես, որ չունենանք միավորվող կառույցների ֆունկցիաների անգամ մեկ րոպե կանգ: Նա հանրային քննարկման շրջանակներում ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման սցենարը, միավորվող կառույցների միացման գործընթացը, միավորվող կառույցների աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը և անցումային ժամանակահատվածի ժամանակագրական հաջորդականությանը վերաբերող կարգավորումները:
Սարգսյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությունը տալիս է բարեփոխումների փաթեթի հետագա ուղղությունները, որոնք ենթադրելու են թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտի փոփոխություններ:

Նշվել է, որ փաթեթի քննարկման հետագա փուլերում ևս կդիտարկվեն այն առաջարկները, որոնք հընթացս կներկայացվեն: