Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիդերլանդներում բացված «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն ցուցադրություն

Այս տարվա մայիսին Նիդերլանդների թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում (Drents Museum) բացված «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցադրությունը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը:

Ցուցադրությանը ներկայացված են եղել  Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։

Հայաստանի Պատմության թանգարանից հայտնում են, որ ամենամյա մրցանակաբաշխությունը մեծ հեղինակություն է վայելում. այն անցկացվում է մի շարք մշակութային հիմնադրամների և հրատարակությունների կողմից:

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսի հետ համատեղ ներկայացված էին Նիդերլանդների պետական թանգարանի, Հաագայի արվեստի թանգարանի, մի շարք հեղինակավոր այլ թանգարաններում անցկացվող ցուցահանդեսներ: