Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ո՞ւմ հրամանով են գումարտակը տեղափոխել մի տեղ, որտեղ որեւէ ամրաշինական կառույց չի եղել»․ զոհված զինծառայողների ծնողները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են պահանջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին պաշտպանության նախարարության շենքի մոտ էին եւ նորից պահանջում էին հանդիպում նախարարի կամ փոխնախարարի հետ։

Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները ՊՆ պաշտոնյաներից չեն կարողանում ստանալ։

Վահիդ Սահակյան

Ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը հիշեցնում է, որ նախորդ անգամ, մոտ տասը օր առաջ, երբ ՊՆ շենքի մոտ էին եւ պահանջում էին հանդիպում կազմակերպել, տղաների զոհվելու հանգամանքների համար, իրենց ձեւակերպմամբ՝ մեղավոր գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, խոստացել էին երեք օրում հանդիպումը կազմակերպել։ Սակայն ոչ հանդիպումն է եղել, ոչ էլ որեւէ պատասխան են տվել ծնողներին։

«Պավլիկը պիտի պարզաբանում տա, թե ի՞նչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ նահանջի հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով գումարտակը հապճեպ ձեւով 5-րդ պաշտպանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական: Մենք պետք է այս հարցերի պատասխանները ստանանք»,-ասում է Վահիդ Սահակյանը։

Նրա պատմելով՝ տղաների գումարտակը հոկտեմբերի 23-ին տեղափոխվել է Մարտունի-2, ապա հոկտեմբերի 24-ին՝ լույս 25-ին տղաներին ուղարկել են Ուրյան բարձունքը պաշտպանելու․ «Ամսի 30-ին տղաները զոհվել են։ Ամսի 28-ին վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը զոհվել է, տղաներն այլեւս հրամանատար չեն ունեցել, իրենք իրենցով են պաշտպանությունը կազմակերպել։ Ինչո՞ւ հրաման չի տրվել հետնահանջի»։

Ծնողները հարցնում են՝ ո՞ւմ հրամանով են գումարտակը տեղափոխել մի տեղ, որտեղ որեւէ ամրաշինական կառույց չի եղել, տղաները կռվել են բաց երկնքի տակ․ «Որեւէ մեկը ողջ չի մնացել։ Մեր տղաների զինակից ընկերն էլ՝ Գագիկ Խաչատրյանն էլ անհետ կորած է, որեւէ տեղեկություն չկա։ Զինվորին տվել են հրամանատարին, ուրեմն նա իր կյանքի գնով պարտավոր էր զինվորների կյանքը փրկել՝ եթե կա հնարավորություն։ Եթե պատերազմ էր՝ միասին են պատերազմում, ոչ թե հրամանատարը մի ապահով տեղ նստում է, զինվորներին էլ առաջ ուղարկում։

Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ոչ մի օգնություն չի գնացել տղաներին, փուլ-փուլ զոհվել են»։

Ծնողները վրդովված են, Պավլիկ Քյարամյանին պարգեւատրել են մարտական խաչով, հարցնում են՝ ինչո՞ւ, այդ ի՞նչ է արել, որ պարգեւատրել են, ինչ արել են՝ ժամկետային զինծառայողներն են արել։

Ծնողների պատմելով՝ ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ, նա խոստացել էր՝ կհետաքրքրվի գործով, Քյարամյանի դեմ քրեական գործ կա հարուցված, ՊՆ-ն հետամուտ կլինի, որպեսզի գործն արագ քննվի, սակայն մինչ օրս, ըստ ծնողների, գործն առաջ չի գնում։

«Մի քանի ծնող հարցաքննվել են, Քյարմյանն էլ, բայց այն անձանց անունները, որ ծնողները տվել են, ու որոնք պետք է ապացույցներ ունենային հանգամանքների վերաբերյալ, նրանցից ոչ ոք չի հարցաքննվել։ Իսկ վերջին հանդիպման ժամանակ մեզ խոստացել էին Քյարամյանի հետ առերեսում կազմակերպեին, դա էլ չեղավ»։

Վահիդ Սահակյանն էլ ասում է, որ նախորդ ցույցի ժամանակ ՊՆ-ից ծնողներին ասել էին՝ նախարար Պապիկյանը չի կարող ընդունել ծնողներին, ժամանակ չունի․«Ես էլ ասում եմ՝ նախարարը պարտավոր է մեզ ընդունել, որովհետեւ մենք մեր ամենաթանկն ու սրբությունն ենք տվել երկրի համար։ Եթե մեզ չի ընդունում, ո՞ւմ է ընդունում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ