Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուրսուլային՝ Նիկոլից․ Մենք ուկրաինացիների նման չենք, հանգիստ եղեք

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ ուկրաինական կողմի կորուստների թվերը, որոնք ավելի վաղ հայտնել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, ներառում են ինչպես զոհվածների, այնպես էլ վիրավորների։

Ուրսուլա ֆոն դեր Լյաենն այսօր գրառում էր արել, որ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կորուստներն այս պահին կազմում են մոտ 100 հազար մարդ։ Կես ժամ անց հայտնվել էր նրա գրառման խմբագրված տարբերակը, որտեղից ջնջվել էին կորուստների մասին խոսքերը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը արձագանքել էր, հայտնելով, որ պետության ղեկավարը պաշտոնական տվյալներ կհրապարակի, երբ հարմար պահը լինի, քանի որ դա զգայուն տեղեկատվություն է։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Ուկրաինայի ԶՈՒ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բոհդան Սենիկը հիշեցրել է ուկրաինական զորքերի կորուստների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը։ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը մատնանշել է Ուկրաինայի քաղաքացիների մահվան և վիրավորվելու համար Ռուսաստանին պատժելու անխուսափելիությունը։ Նա նշել է, որ ուկրաինական կողմը և միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրեն ուկրաինացիների մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելի ուշ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սփինանտը Twitter-ի իր էջում բացատրել է, թե ինչ է ի նկատի ունեցել ֆոն դեր Լյաենը։ «Շատ շնորհակալություն նրանց, ովքեր մատնանշեցին նախորդ տարբերակի թվերի անճշտությունը: Արտաքին աղբյուրներից օգտագործված գնահատականը վերաբերում էր կորուստներին, այսինքն՝ սպանվածներին և վիրավորներին, և պետք է ցույց տար Ռուսաստանի դաժանությունը», գրել է նա։

Ահա այսպես են աշխատում ուկրաինական իշխանությունները, պատասխանատվության տակ դնելով ոչ միայն Ռուսաստանին, այլեւ իրենց դաշնակիցներին։ Հայաստանի իշխանությունների գործողություններն ամեն կերպ ուղղված են Բաքվին պատասխանատվությունից ազատելուն, չխոսելով արդեն «ռազմավարական դաշնակցի» մասին, հրաժարվելով Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական արշավի դատապարտման եւ մեղավորներին պատժի ենթարկելու պահանջներից։ Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի ու Ալիեւի կնքած գազային գործարքի մասին ընդհանրապես որեւէ պաշտոնական արձագանք չեղավ Հայաստանի իշխանությունից, այն դեպքում, երբ միջազգային մամուլը, միջազգային կառույցների ներկայացուցիչները կասկածի տակ էին դնում այդ գործարքի տնտեսական կողմը՝ շեշտադրելով Ալիեւի քաղաքական նպատակները։ Ավելին, նշվում էր, որ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը այս գործարքով ճանապարհ է բացում ռուսական գազը Բաքվի միջոցով Եվրոպայում վաճառելու Մոսկվայի ու Բաքվի համատեղ գորշ սխեմաների առաջ։