Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանը գտավ իր ուզած թուղթը

Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպել է Ալիևի և Էրդողանի հետ։ Ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Եվ հենց դա էլ հիմք կհանդիսանա սահմանազատող հանձնաժողովների աշխատանքի համար։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փնտրում էր Հայաստանի տարածքային ամբողջականության իրավական հիմքերը։ Այն ամենը, ինչ նա գտնում էր, ենթադրում էր պահանջներ Թուրքիային ու Բաքվին: Օրինակ, 1920-ի Ազգերի Լիգայի հաստատած ու ճանաչած քարտեզը։ Կամ 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որով ոչ միայն Արցախը, այլեւ Նախիջևանը «Ադրբեջանի» տարածք չէ, այլ Հայկական ինքնավարություն ժամանակավորապես փոխանցված Բաքվի պրոտեկտորատին։

Իր հերթին, Հայաստանի Անկախության Հռչակագրի և դրա հիման վրա ընդունված Սահմանադրության մեջ անդրադարձ կա Հայաստանին Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը եւ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։

Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ խուսափում է հիշատակել այս փաստաթղթերը, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականության օրինական հիմքն են։ Եվ երկար փնտրտուքներից հետո նա գտավ ԱՊՀ հռչակագիրը և ընտրեց այն, քանի որ այն ճանաչում է «Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը։

Ալմա-Աթայի հռչակագիրը փաստաթուղթ է Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՊՀ ստեղծման մասին։ Բաքուն այդ հռչակագիրը ստորագրել է միայն 1993 թվականի սեպտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ պահին, երբ Արցախն այլևս չէր վերահսկվում Բաքվի կողմից։ Հայկական կողմից հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առանց Հայաստանի անկախության հռչակագրից բխող վերապահումների։

Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմնված է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման վրա, հանդիսանում է Երրորդ Հանրապետության իրավական հիմքը։ Դա անտեսելով՝ Փաշինյանն ուրանում է անկախ պետականությունը եւ այն ճանաչում որպես «ԱՊՀ մաս»։

Պրահայի հանդիպման նախօրեին Փաշինյանի թերթը հրապարակել էր «արտահոսք» Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պահանջների վերաբերյալ, որոնց էությունը հայկական պետականության վերացումն է և Հայաստանը «միութենական պետության» կամ Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը (կա երրորդ տարբերակ՝ Եվրասիական միությունը Թուրքիայի գլխավորությամբ)։ Փաշինյանն ընդունել է պահանջը՝ ԱՊՀ ցուցանակով։