Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2023 թ. փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն` հնարավորություն տալով ապահովագրական ընկերություններին հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելով գին-որակ համադրությամբ ծառայություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նոյեմբերի 30-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ապահովագրական շուկայի ազատականացում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:

Ներսես Երիցյանի խոսքով վարորդը հնարավորություն կունենա ծանոթանալու ԱՊՊԱ ընկերությունների առաջարկող սակագներին եւ ընտրել իրեն առավել նպատակահարմար կամ մատչելի տարբերակը: Ընդ որում` նախատեսվում են նաեւ զեղչեր պայմանագիրն օնլայն կնքելու դեպքում: ԱՊՊԱ ընկերությունների գնային քաղաքականությունը կլինի Կենտրոնական բանկի եւ Ավտոապահովագրողների բյուրոյի վերահսկողության տիրույթում:

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ԱՊՊԱ ոլորտում սակագների ազատականացմամբ մրցակցությունը նոր մակարդակի կբերվի, ինչը հնարավորություն կտա անընդհատ կատարելագործելու մատուցվող ծառայությունների որակը: Տարեցտարի այն վարորդները, որոնք վթար չեն ունենա, իրենց համար ավելի մատչելի է լինելու, եւ նորմերն ավելի են բարելավվելու: Բարելավում նախատեսվում է նաեւ տաքսի ծառայություններ, ուղեւորափոխադրում իրականացնողների շրջանակում: Ըստ Ներսես Երիցյանի` ապահովագրական շուկայի ազատականացումը եղել է նաեւ վարորդների ցանկությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով քննարկումը նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ թեեւ ԱՊՊԱ սակագների ազատականացումն օրենսդրական նախաձեռնությամբ չի իրականացվել, բայց գտնվում է հանձնաժողովի ոլորտային վերահսկողության տիրույթում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ ընկերությունների մրցակցության արդյունքում կարող է լինել գների նվազում եւ առաջարկվող ծառայությունների որակի բարձրացում:

Քննարկմանը ներկա պատգամավորների կարծիքով ԱՊՊԱ սակագների ազատականացումը ճիշտ գործիքակազմ է: Նրանք նաեւ բարձրաձայնել են մի շարք հարցեր, մասնավորապես, ծառայությունների որակի բարձրացման արդյունքում սակագների բարձրացման վերաբերյալ? ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պնդմամբ` գների պոտենցիալ աճը զսպվելու է եւ վերահսկվելու:

Քննարկմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԿԲ ներկայացուցիչներ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը: