Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պարտապանները նպատակ են հետապնդում ձախողել իրենց դեմ կայացված դատական ակտերի կատարումը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ասում է «Այլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հասմիկ Օհնիկյանը

– Օրեր առաջ բարձրաձայնել էիք, որ ընտանեկան գործերից մեկով ի կատար չի ածվում օրինական ուժ ստացած դատական ակտն այն պատճառով, որ վարչական դատարանը կասեցրել է դրա կատարմանն ուղղված հարկադիր կատարողի որոշումների կատարումը։ Ի՞նչ եք կարծում, ՀՀ վարչական դատարանը չունե՞ր նման իրավասություն։

– Ինչպես գիտենք, հարկադիր կատարողի որոշումները գործնականում ուղղված են օրինական ուժ ստացած դատական ակտերի կատարմանը։ Վերջիններիս կողմից ընդունված որոշումներն, այնուամենայնիվ, բազմազան են: Մտահոգությունը, որ ուզում եմ հայտնել, վարչական դատարանի կողմից հարկադիր կատարողի ընդունած՝ «Որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող» որոշումների կատարումը անհարկի կասեցնելու դեպքերին է վերաբերում։ Այս տեսակի որոշումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանցով հարկադիր կատարողի կողմից պարտապանին է ուղղվում կոնկրետ ժամկետում դատական ակտով սահմանված այս կամ այն գործողությունը ինքնակամ կատարելու պահանջ, հետեւաբար, վարչական դատարանում քննարկվող որոշումների անիրավաչափության հարց բարձրացնելը նույնն է, ինչ վիճարկել օրինական ուժ ստացած դատական ակտը։ Վարչական դատարանում նշածս որոշումները հիմնականում վիճարկում են վարչական վարույթով պարտապանները, ովքեր այդ կերպ նպատակ են հետապնդում անորոշ ժամկետով հետաձգել, ինչու չէ, նաեւ՝ առհասարակ ձախողել իրենց դեմ կայացված դատական ակտերի կատարումը։

Չբացառելով, որ գործնականում նման որոշումներով եւս պարտապանի վրա հարկադիր կատարողի կողմից կարող են դրվել դատական ակտի եզրափակիչ մասից չբխող պարտավորություններ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը դատարաններին արդարացիորեն վերապահել է հարկադիր կատարողի որոշումների իրավաչափությունը վիճարկող անձի՝ վարչական գործով հայցվորի, միջնորդությամբ դրանց կատարումը կասեցնելու իրավասություն։

Այստեղ դատարանի խնդիրն է միջնորդությունները քննարկելիս ցուցաբերել առավելագույն շրջահայացություն եւ երբեւէ չնպաստել դատական ակտի կատարումից խուսափող անբարեխիղճ պարտապանների ոչ իրավաչափ վարքագծին, այսինքն՝ որեւէ կերպ չստեղծել հնարավորություն վերջնական դատական ակտի՝ անորոշ ժամկետով չիրագործմանը։

– Այսինքն, կարո՞ղ եմ ձեր ասածից ենթադրել, որ առկա է վարչական դատարանում հարկադիր կատարողի որոշումները վիճարկելու միջոցով դատական ակտի կատարումից խուսափելու հնարավորություն։

– Այո, նման գործելակերպը կարծես թե բավական տարածված երեւույթ է։ Դատական ակտի կատարումից խուսափող պարտապանը, դատարանում արհեստականորեն վիճարկելով հարկադիր կատարողի այն որոշումների իրավաչափությունը, որոնցով իր վրա դրվել են օրինական ուժ ստացած դատական ակտով սահմանված պարտավորություններ, միաժամանակ միջնորդում է կասեցնել դրանց կատարումը։ Որքան էլ որ հիմնազուրկ լինի հայցվորի ներկայացրած հայցապահանջը, եթե ներկայացված հայցադիմումը համապատասխանում է հայցադիմումի ձեւի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված նվազագույն պահանջներին, Վարչական դատարանն ունի այն վարույթ ընդունելու, ինչպես հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնելու միջնորդությունը քննության առնելու պարտավորություն։ Այնուհետեւ կարեւորվում է դատական ակտի կատարումից խուսափող հայցվորի՝ ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու՝ դատարանի դերակատարությունը։

– Հնարավո՞ր է, արդյոք, ի սկզբանե տարբերակել այն գործերը, որոնցով հայցվորները օրինական ուժ ստացած դատական ակտի կատարումից խուսափող պարտապաններն են, ինչպե՞ս:

– Կարծում եմ՝ հնարավոր է։ Հարկադիր կատարողի որոշումների ոչ-իրավաչափության շուրջ հայցվորի հիմնավորումներից արդեն իսկ կարելի է հասկանալ՝ հարուցվող վարչական գործն արհեստածին է, թե ոչ։ Ամենակարեւորը, ինչ պետք է պարզի դատարանը, այն է՝ արդյոք վիճարկվող որոշումներով պարտապանի վրա դրված գործողությունների կատարումը բխում է օրինական ուժ ստացած դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակությունից, թե ոչ։

Դատական իշխանության «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված նմանատիպ գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնելու պահանջով միջնորդություններ քննարկելիս դատարանները բարեխղճորեն պարզել են նշածս հանգամանքները, արհեստականորեն վիճարկվող որոշումներն անհարկի չեն կասեցվել։ Արդյունքում, դատական ակտի փաստացի կատարմամբ պայմանավորված, կարճ ժամանակ անց, արհեստածին հարուցված վարչական գործերը կարճվել են։ Այսպիսով դատարանները ոչ միայն կանխել են վերջնական դատական ակտի կատարման հարցում շահագրգիռ անձանց իրավունքների խախտումը, այլեւ նպաստել արհեստածին գործերից դատարանների բեռնաթափմանը։ Երբ դատարանները չեն պարզում գործի փաստական հանգամանքները եւ հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնում են բացառապես այն փաստի ուժով, որ հայցվորի կողմից դրանք վիճարկվում են, թույլ են տալիս դատավարական նորմերի կոպիտ խախտում՝ խոչընդոտելով օրինական ուժ ստացած դատական ակտերի կատարմանը։ Թերեւս պարզ է, որ դատարանների գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ երեք ատյաններում վարչական գործի քննությունը տարիներ տեւող գործընթաց է։ Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ բոլոր արհեստածին վարչական գործերով ի վերջո տարիներ անց այդպես էլ չի վերացվում ձեւականորեն վիճարկված հարկադիր կատարողի որոշումը։ Ի վերջո պարտավորությունը, որի կատարումը դրվել է պարտապանի վրա, սահմանվել է ոչ թե հարկադիր կատարողի, այլ գործով արդարադատություն իրականացրած դատարանի կողմից։ Մինչ հայցի մերժմամբ օրինազանց հայցվորը ոչինչ չի կորցնում, վարչական գործով երրորդ անձի համար առաջանում են անդառնալի հետեւանքներ։ Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ դատական ակտի կատարման նման անհարկի ձգձգումը անգամ անհնարին է դարձնում դրա հետագա կատարումը, ինչը հատկապես սպառնում է ընտանեկան գործերով կայացված դատական ակտերին։ Սա ոչ միայն անբարեխիղճ պարտապանների մոտ ձեւավորում է օրինական ուժ ստացած դատական ակտերի կատարումից խուսափելու արատավոր գործելակերպ, այլեւ անհնարին դարձնում դատական ակտի կատարման հարցում շահագրգիռ անձանց խախտված իրավունքների հետագա վերականգնումը, ինչն էլ իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը։

– ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված իրավանորմը դատարանների կողմից միատեսակ չի կիրառվում։ Այդ մասին օրերս հարցազրույցում բարձրաձայնեց նաեւ «Ահարոնյան ԼՈ ՖԻՐՄ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանը («Ամեն դեպքում, դատավարության կողմերի իրավունքները պետք է հավասարապես պաշտպանվեն», «Առավոտ», փետրվարի 3): Ներկայիս կարգավորումները չե՞ն՛ ապահովում, արդյոք, իրավանորմի միատեսակ կիրառությունը։

– Այն իրողությունը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավանորմը ՀՀ վճռաբեկ դատարանի պարզաբանումների համատեքստում կիրառող դատավորները հաջողությամբ են իրացնում հարկադիր կատարողի որոշումները կասեցնելու հայեցողական լիազորությունը, փաստում է, որ գործող իրավակարգավորումները գուցե բավարար են, բայց միանշանակ ոչ լիարժեք։ Քանի դեռ հստակեցված չէ, թե նվազագույնը ինչպիսի փաստական հանգամանքներ պարզելու պարտավորություն ունի դատարանը հարկադիր կատարողի որոշումների կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելիս, կամ առնվազն բացակայում է պահանջ այն մասին, որ նման միջնորդությունների քննարկումը պետք ելնի օրինական ուժ ստացած դատական ակտերի պարտադիրության սկզբունքից, միշտ էլ առկա է դատական պրակտիկայում իրավանորմը ոչ միատեսակ կիրառվելու վտանգը։

«Առավոտ» օրաթերթում «Վտանգված արդարադատություն» վերտառությամբ կատարածս հրապարակումը վերաբերում էր մի վարչական գործի, որով հարկադիր կատարողի որոշումների անհարկի կասեցմամբ մինչ օրս ի կատար չի ածվում երեխային մյուս ծնողին հանձնելու՝ դատական ակտի պահանջը։ Հիշյալ վարչական գործով եւս հարկադիր կատարողի որոշումներով պարտապանի վրա դրվել էին պարտավորություններ, որոնք տառացիորեն բխում էին օրինական ուժ ստացած դատական ակտի բովանդակությունից։ Ավելին, վիճարկման հայցով հայցվորի հիմնավորումները վերաբերում էին ոչ թե վարչական մարմնի կողմից թույլ տրված խախտումներին, այլ երեք ատյաններում քննության արդյունքում անփոփոխ մնացած դատական ակտի իրավաչափությանը, ինչը՝ քննության առնելու իրավասությունը վարչական դատարանի մոտ բնականաբար բացակայում է։ Արտերկրում բնակվող ծնողից եւ այլ հարազատներից, այդ թվում հարազատ եղբորից երեխայի օտարացումը տարիներ անց անխուսափելիորեն անհնարին է դարձնելու դատական ակտի կատարումը, ինչին էլ գործնականում ձգտել է նույն ինքը՝ հայցվորը, մտացածին իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելով։ Ունեմ մտավախություն, որ հիշյալ վարչական գործով դատարանների թույլ տրված խախտումները առիթ են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած հերթական որոշման համար, այն դեպքում, եթե օր առաջ չվերականգնվեն վարչական գործով երրորդ անձի, այն է՝ վարչական վարույթով պահանջատիրոջ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 8-րդ հոդվածներով երաշխավորվող հիմնարար իրավունքները։

Վերջում ուզում եմ հավելել, որ բարձրաձայնված խնդիրը համակարգային է։ Խնդրին տրվող լուծումը շոշափելու է օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման ակնկալիք ունեցող յուրաքանչյուրի շահերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության շահերը, ում՝ որպես իրավական պետության վարկանիշը լրջագույն վտանգի տակ է։

Հարցազրույցը վարեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ