Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատերազմի հետևանքով տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրն ավարտին կհասցվի 2024 թվականին. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ՝ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, ողջունելով հասարակական նախաձեռնությունները՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հանրությանը մտահոգող հարցերի բարձրաձայնումը նման կառույցների կողմից:

Հանդիպման ընթացքում խոսվել է տեղահանվածների հիմնախնդիրների մասին: Նշվել է, որ դրանք միշտ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են, ցանկացած ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն, որը նպաստում է տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծմանը, աջակցություն է ստանում օրենսդիրի կողմից:

«Իմ պայքարը 2 ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների, աղքատների ու ճնշվածների շահերի պաշտպանություն», – ասել է Արթուր Թովմասյանը: Նա պատրաստակամությամբ լսել է տեղահանվածներին ու ընթացքավորել մի շարք հրատապ հարցեր:

Անդրադառնալով բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ ծրագիրը փաստացի մեկնարկել է 2021 թվականի հուլիսի 1-ից ու ավարտին կհասցվի 2024 թվականի հուլիսին: Տեղահանվածների բնակվարձի փոխհատուցման պարտավորությունն էլ պետությունը մինչև դեկտեմբերի վերջը կիրագործի:

Հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել պարապուրդում գտնվող պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձի վճարման դադարեցման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ: ԱԺ նախագահը շեշտել է, որ իր տեսակետն անփոփոխ է՝ աշխատանքով ապահովել, նոր կրճատել: Այս համատեքստում տեղահանվածները կարևորել են վերաորակավորման հարցը:

Քննարկվել են տեղահանվածների նյութական վնասների փոխհատուցման, ՀՀ տեղափոխվածներին տրամադրվող սերտիֆիկատների կիրառելիության հետ կապված հարցեր:

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը շնորհակալություն է հայտնել անմիջական մթնոլորտի համար, իր հերթին Արթուր Թովմասյանն ասել է, որ Արցախում յուրաքանչյուր պետական պաշտոնյայի դուռ ժողովրդի առաջ բաց պետք է լինի: