Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք է չեղարկել Պուտինի ճնշմամբ ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Կա նպաստավոր պայման, Պուտինը միջազգային հանցագործ է ճանաչված

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարոն Հայրիկյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և խոսում են ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։ Պրահայում համատեղ հայտարարություն ընդունվեց։ Ի՞նչ հետևանք կունենան այս որոշումները։

Երկու հարևաններ իրար հետ խոսելիս կարող են նշել այն սահմանները, որոնք իրենք պատրաստվում են ճանաչել։ Իսկ մնացյալը՝ ամբողջական տարածքի հարցը, դա առանձին հարևանների հարցը չէ։ Գրագետ մարդու համար շատ ակնհայտ պետք է լինի, որ այստեղ մեկ այլ՝ շատ ավելի լուրջ հարց է լուծվում։ Այսինքն՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, շատ երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են, իսկ ցեղասպանությունը ծանր հանցագործություն է, որի հետևանքների վերացումը համաշխարհային հանրության խնդիրն է։ Հիմա թուրքական դիվանագիտությունը կարողացավ հասնել նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների՝ իրենց համար շատ վտանգավոր և իրենց շատ խնդիրներում պարտավորեցնող հարցն ուզում են ասպարեզից հանել։ Եվ եթե այսօր որևէ առիթով Հայաստանը նշում է, որ ինքը ճանաչում է Լենին-Աթաթուրք համաձայնագրով ձևավորված սահմանները, սա նշանակում է Հայաստանը բնականոն է համարում Թուրքիայի բռնազավթումը, բնականոն է համարում ցեղասպանության իրականացումը և ցեղասպանության միջոցով տարածքների փոփոխությունը և այլն։

Սա շատ նուրբ հարց է, դու կարող ես կողմ լինել Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կարող ես կողմ լինել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց երազային է, երբ դու պատկերացում ես, որ կարող ես գրչի մի հարվածով անէության մատնել Եվրոպական միության ընդունած բանաձևը, ցեղասպանության մասին այդ երկրների ընդունած բանաձևերը։ Դրանք բոլորը հետեւանքներ ունեցող որոշումներ են եղել։ Իզուր չէ, որ Թուրքիան այդքան խորը մտահոգված է ցեղասպանության ճանաչման հարցով։ Հիմա, Թուրքիան այնուամենայնիվ կարողացավ հասնել նրան, որ աշխարհին ներկայանում է, և աշխարհը հաճույքով ընկալում է, որ հայ-թուրքական հակամարտություն չկա, այլ կա հայ-ադրբեջանական հակամարտություն, և Թուրքիան էլ միայն դրանով է մտահոգ։ Եթե Նիկոլը նշեր, որ, օրինակ, հայ-ադրբեջանական պաշտոնական սահմանը համարում ենք սա, որը պետք է ճշգրտվի, դու ասում ես, որ ճշտում ես հարևանի հետ սահմանները։ Բայց երբ հարևանը քեզ պարտադրում է տարածքային ամբողջականությունը ճանաչելու անվան տակ արձանագրել քո սահմանները, և դու էլ դա հերոսություն ես ներկայացնում, թե տեսեք, ես ապահովագրեցի մեր անվտանգությունը, պիտի շատ թերի մտածող լինես, որ դա չհասկանաս։ Բայց սրանք ի սկզբանե թերի մտածողներ են եղել, ոչ դիվանագիտությունից են բան հասկանում, ոչ էլ հատկապես միջազգային իրավունքից։ Էլ չեմ խոսում արժանապատվության մասին, որը քաղաքականության մեջ շատ կարևոր գործոն է։ Ֆրանսիան գերտերություն դարձավ շնորհիվ այն բանի, որ Դը Գոլն ուներ ազգային արժանապատվության խորը զգացում։

Միաժամանակ, այսպիսով այս իշխանությունը Արցախի հա՞րցն է փակում։

Նիկոլն ինքն է ստորագրել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը, որը ներկայացրեց որպես պայմանագիր։ Արցախցիները խոսում են Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման մասին։ Այն նույն արցախցիները, ովքեր ասում էին՝ ռուսներն են մեր դաշնակիցը, ռուսների հետ մեր հարցերը կլուծենք, հասկացան, թե Հայրիկյանն ինչ նկատի ուներ՝ ասելով հարցի միջազգայնացում։ Հիմա իրենք ճիշտ ճանապարհի վրա են, բայց պետք է խոսել այն մասին, որ երբ խոսում են հրադադարից հետո ելման դիրքեր վերադառնալու մասին, ինչո՞ւ են խոսում միայն վերջին պատերազմի մասին։ Պետք է խոսել 1994 թվականի հրադադարը խախտելու և նախնական դիրքեր վերադառնալու, այդ դիրքերից բանակցություններ վարելու մասին։ Այսինքն՝ պետք է չեղարկել Պուտինի ճնշմամբ, Պուտինի անմիջական մասնակցությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Մանավանդ այսօր դրա համար կա նպաստավոր պայման, Պուտինը միջազգային հանցագործ է ճանաչված։ Այսինքն՝ Արցախի մասին խոսելիս մենք շատ վատ ելման դիրքում ենք այս պահին, քանի որ և խորհրդարանական ընդդիմության ստրկամիտները, և իշխանական թևը նոյեմբերի 9-ի այդ չակերտավոր փաստաթուղթը համարում են ելակետային։ Այդպիսի ելակետային իրավիճակով առաջ գնալը շատ դժվար է լինելու, պետք է հենց այսօր ասել, որ դա ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով պարտադրված վերաբերմունք է եղել և միջազգային հանրության աջակցությամբ պետք է չեղարկվի։ Պետք է վերադառնալ ելման դիրքեր, նույնիսկ դատարանի միջոցով ընդունել Արցախի վերաբերյալ լուծում և դրան ենթարկվել։

Այդ ուղղությամբ քայլեր պետք է արվեն, բայց սրանք դա ի վիճակի չեն անել, որովհետև ասում են՝ մենք ճիշտ ենք արել։ Այս տականքը մի բանի մասին չասաց, որ սխալ է արել։ Սրանք ի վիճակի չեն որևէ բան անել, որովհետև ոչ խոսքի արժեքը գիտեն, ոչ էլ արժանապատվություն ունեն։ Արցախի հարցը, ինչպես ցանկացած միջազգային հարց, ճիշտ լուծում է գտնում միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունն է մասնակցում։ Դա միայն այդ երկու ազգերին վերաբերող հարց չէ, միջազգային իրավունքի հիման վրա լուծվող հարցերը պետք է անպայման ունենան միջազգային վերահսկողություն, նաև աջակցություն։ Ուրիշ ճանապարհ չկա։