Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՊՊԾ-ն առանձնացնում են ԱԱԾ-ից․ նոր նախագիծ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է օրենսդրական նախագծերի փաթեթ, ըստ որի՝ նախատեսվում է, որ Պետական պահպանության ծառայությունը չի գործի Ազգային Անվտանգության ծառայության կազմում։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ  են կատարվում, և այս փոփոխությունը այդ տրամաբանության մեջ է։ «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի երեք գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում և տեռորիզմի դեմ պայքար։ Այսօրվա նիստում կառավարությունը նաև որոշում է ընդունել արտաքին հետախուզական ծառայության առանձին մարմին ստեղծելու մասին։ Ընդհանուր առմամբ, անվտանգության համակարգի այս բարեփոխումների մեջ նաև որոշում է կայացվել, որպեսզի Պետական պահպանության ծառայությունն առանձնացվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին ցմահ պետական պահպանության տրամադրման դրույթը։ Փոփոխությունը վերաբերում է միայն օրենքի ընդունումից հետո ժամանակաշրջանին՝ գործող և ապագա նախագահներին և վարչապետերին։ Ըստ դրույթի՝ պաշտոնաթող հանրապետության նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում՝ 10 տարվա ժամկետ, որից հետո նրանց համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է սահմանել վարչապետի որոշմամբ։