Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռազմական ոստիկանությունում գերությունից վերադարձածին ասել էին՝ նռնակ չունեի՞ք ձեզ պայթեցնեիք, հոսպիտալում էլ ասել էին՝ ավելի լավ է՝ դուք ձեզ գնդակահարեիք»․ Ալեքսանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանական գերությունից հայրենադարձված ժամկետային զինծառայողները, որոնց մի մասը ռազմական հոսպիտալում բուժում են ստանում, պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում, ասել՝ բուժում են ստանում, չափազանցված է, քնաբեր են ստանում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Հոկտեմբերի 4 –ին գերությունից 17 զինծառայող է վերադարձվել, նրանք, առանց համապատասխան բուժումների, նորից զորակոչվում են։ Ալեքսանյանն ասաց՝ ըստ պաշտոնական տվյալների, նրանից չորսը զինվորական ծառայության մեջ է, երեքին անցած շաբաթ ազատել են զինվորական ծառայությունից, մնացածը բուժում են ստանում, ինչը սակայն բուժում անվանել չի կարելի։

Ժաննա Ալեքսանյան

«Զորակոչվածների մեջ մի տղա կար, որը շատ ծանր վիճակում էր։ Երբ ադրբեջանցիները զինծառայողներին տանում էին, այս տղայի ջերմությունը ճանապարհին բարձրացել էր, նա շարունակ ընկնում էր, չէր հասցնում զինվորների հետ գնալ, ադրբեջանցիները փորձել են նրան գնդակահարել, քանի որ խանգարում էր, իրենց ուզած արագությամբ չէր գնում եւ այլն։ Մի կերպ կարողացել են մեր զինվորներով հարթել իրավիճակը։ Այդ տղան հենց հիմա զորակոչվել է ու ծառայում է։ Նա իր ընտանիքին չի պատմել իր հոգեբանական խնդիրների մասին։ Նրան քսան օրով ուղարկել են մայրական խնամքի, ու վերջ։ Ինչքա՞ն պետք է բացատրես պաշտպանության նախարարությանը, որ այս մարդիկ վերականգնողական բուժում պետք է ստանան»,-ասաց Ալեքսանյանը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո էլ յոթ զինծառայողների փորձում էին նորից զորակոչել, բազմաթիվ բողոքների հիման վրա նրանք Դիլիջանի «Լեռնային Հայաստան» կենտրոնում վերականգնողական բուժում ստացան, իսկ հիմա նման բան չկա։ Ալեքսանյանը ՊՆ-ին հորդորեց ուշադիր լինել բոլոր վերադարձածների նկատմամբ, նրանք ծանր հոգեբանական վիճակում են, դժվար, անտանելի օրեր են անցկացրել գերության մեջ։

Նա ներկայացրեց մանրամասներ, թե ինչ պայմաններում են մեր զինվորները հայտնվել գերության մեջ․ «Անմարդկային, առանց որեւէ վերաբերմունքի, կիսատ զինված ուղարկում են դիրքեր՝ չասելով, որ հարձակում է լինելու։ Այդ դիրքերում մի կերպ խուսափում են շրջափակման մեջ հայտնվելուց, բայց ի վերջո հայտնվում են եւ այդ ծանր ժամերը, օրերը, որ տանում են, երբ թշնամու շրջափակման մեջ են, նրանց աչքի առաջ մի դիրքից նռնակով իրեն պայթեցրել է հայ հրամանատարը․․․այնքան ծանր բաներ են տեսել, ինչքան ընկերներ են կորցրել․․․ որեւէ դիրք մեր բազմաթիվ այցելությունների ժամանակ չենք տեսել, որ հրամանատար լինի, միայնակ են այդ զինվորները դիրքերում։ Կյանքի եւ մահվան առաջ են կանգնած, հաճախ՝ մահվան»,-պատմեց Ալեքսանյանը։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն էլ հիշեցրեց՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ էլ գերեվարվել են անփորձ զինծառայողները, որոնք զորակոչվել էին օգոստոսին, դեռ լավ չէին տիրապետում զենքի օգտագործման հմտություններին, իսկ մեկ ամիս հետո նրանց պատերազմ են տարել։

Արմինե Սադիկյան

«Ինչո՞ւ են գերեվարվել, արդյոք պետությունն ապահովել է անհրաժեշտ զինամթերքով, գիտելիքներով, պաշտպանության միջոցներով, որպեսզի հնարավորինս կանխվի գերեվարվելու կամ զոհվելու հավանականությունը։ Բազմաթիվ վկայություններ կան,երիտասարդները պատմել են, որ ապահովված չեն եղել, շատ դեպքերում սպայական անձնակազմ ներկա չի եղել, այդ մասին նաեւ ծնողներն են ահազանգել։ Նույնիսկ սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ եղել են դեպքեր, որ մի ամբողջ զորամաս տեղափոխվել են մարտական դիրքեր, նրանք առանց վերահսկողության են գտնվել որոշակի տեղանքում, դրանք շատ մոտ են գտնվել հակառակորդի դիրքերին»,-պատմեց Սադիկյանը։

Նրա խոսքով՝ վերադարձած գերիների նկատմամբ պետք լինի առանձնահատուկ վերաբերմունք, նրանք գերության մեջ, առանց բացառության, ենթարկվում են դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ այդ վիճակում հետ են վերադառնում հայրենիք ու փոխարենը ֆիզիկական, հոգեբանական ամբողջական վերականգնողական կուրսն անցնեն, մի քանի օր գտնվում են վերականգնողական արձակուրդում՝ տանը, նորից կանչվում են զինծառայության․ «Պատճառաբանում են՝ պետք է տեղափոխվեն հոգեբուժական բաժանմունք, ապա անցնեն հետազոտություններ կամ բուժում, հետո ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում կայացնի պիտանիության վերաբերյալ։ Սակայն հարցը պետք է դիտարկել ոչ թե զորակոչվել-հետ վերադարձվելու տեսանկյունից, այլ պետք է տեսնել՝ արդյոք այդ քաղաքացիները լիարժեք բուժում ստացա՞ն, թե՞ ոչ։ Մեզ դիմած քաղաքացիների դեպքում կարող ենք ասել՝ ոչ»։

Նա պատմեց, որ իրենց դիմած երկու զինծառայողներ, որոնք իրենց տանը իրենց նախաձեռնությամբ եւ ՀԿ-ի աջակցությամբ անցել են հոգեբանա- հոգեբուժական կոնսուլտացիաներ, ըստ մասնագետների եզրակացությունների, նրանք դեռ վատ վիճակում են․ այն վիճակում են, կարծես դեռեւս իրենց մոտ այն տպավորությունն է, որ գտնվում են պատերազմական իրավիճակում։ Եվ երբեմն նույնիսկ կարող է նրանց մոտ առաջանալ այնպիսի տպավորություն, որ պետք է պաշտպանեն շրջապատը, ծառայակից ընկերներին։ Հետեւաբար, նրանք վտանգավոր են ոչ միայն իրենց համար, այլ նաեւ՝ զինծառայակից ընկերների։ Այս ամենը հաշվի չի առնվում»։

Տեսանյութը՝ շուտով

Ժաննա Ալեքսանյանն էլ հավելեց՝ նման դեպքերում ամբողջ պատասխանատվությունը դրված է ժամկետային զինծառայողների վրա, կարծես հրամանատարական կազմը որեւէ պատասխանատվություն չունի։

«Կանազի հոսպիտալում հակացուցված է այդ տղաների բուժումը»,-ասաց Ալեքսանյանը։

Նա ասաց, որ նրանց պետք է տանել ոչ զինվորական, հանգիստ մի միջավայր․ «Պաշտպանության նախարարը թող մի հատ այցելի այդ զինծառայողներին, ու տեսնի թե ինչ վիճակում են։ Չիները չէին ընկնի, եթե այցելեր ու լսեր նրանց, մի խոսք էլ ինքն ասեր։ Նրանց գերեվարվելու ամբողջ մեղքը ՊՆ-ի ուսերին է։ Ինձ պատմել են, որ ներսում տղաներին շատ վատ են վերաբերվում բժիշկները։ Եթե ռազմական ոստիկանությունում ասել էին՝ նռնակ չունեի՞ք՝ ձեզ պայթեցնեիք, հոսպիտալում ասել էին՝ ավելի լավ է՝ դուք ձեզ գնդակահարեիք։ Մի տղայի վիճակը զորամասում կտրուկ վատացել է, հետ են բերել, Կանազի հոսպիտալում փակված է։ Ասացին՝ շատ ծանր վիճակում է։ Ինչի՞ եք ուզում անպայման տանել ծառայության։ Նրա մասին պատմում են, որ հերոսաբար է կռվել, ամբողջ դիրքի ոգին ինքն է եղել, ու ոչ մի գնահատական չկա այս զինվորների արածների վերաբերյալ»։

Գերությունից վերադարձած տղայի այդ խոսքերը հրապարակելուց հետո, ըստ իրավապաշտպանի, ծառայողական քննություն է սկսվել․ «Հիմա տանջում են նույն գերիներն՝ ո՞վ է դա ասել հարցադրումով»։

Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի զինվորին ինքնասպանության դրդելու, դա անում են նսեմացնելու, զինվորին իշխելու ու ստրկացնելու նպատակով։

Ալեքսանյանի խոսքով՝ զինվորները գերի են ընկնում սպանվում, դատվում են, իսկ հրամանատարական կազմը չգիտի՝ իր զինվորը որտեղ է, չգիտի ինչպես խոսի ընտանիքի հետ․ «Ասում են՝ դիակները դեռ փռված են, չենք առանձնացրել ով՝ ով է։ Բռի, անմարդկային վերաբերմունք»։

Նա ասաց, որ ծնողները գրավոր դիմել են ՄԻՊ-ին, առայժմ պատասխան չեն ստացել։

Գերությունից վերադարձածները համարվում են խոշտանգման զոհեր, պետությունը պետք է գտնի լուծումներ նրանց ազատելու զինվորական ծառայությունից»,-ասաց Ալեքսանյանը։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի