Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը չկա, մտածեք փլատակների տակ չմնալու մասին․ Պուտինը՝ հապկակիցներին

ՀԱՊԿ երեւանյան հավաքին Բելառուսի ինքնակոչ նախագահ Լուկաշենկոն որոշել էր հետ չմնալ տարբեր ժամանակներում եւ տարբեր առիթներով Պուտինի երեսին Տոկաեւի, Ռահմոնի եւ Փաշինյանի դեմարշներից, առավել եւս եւ հատկապես՝ Պուտինի վերջինի զինակրի դիրքերից։ Նա Պուտինի ներկայությամբ խոսեց Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի փլուզման հեռանկարի մասին

Բելառուսը հաջորդ տարվա համար Երեւանում ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։ Լուկաշենկոն հանդիպմանը խոսեց այն մասին, որ վերջին շրջանում մամուլում այն ​​թեզն է զարգանում, որ ՀԱՊԿ-ի կյանքն ու ճակատագիրը կախված են Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» արդյունքից. «Ես զգում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր կարծիքի, որ եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանը փլուզվի, ապա մեր տեղը դրա փլատակների տակ է»։

Ապա՝ Բելառուսի նախագահության շրջանի համար՝ «մենք պետք է ոչ միայն պաշտպանենք միմյանց, այլև հասկանանք Ռուսաստանը, նրա հիմնական դերը… Այնպես որ, նման խոսակցություններ նույնիսկ չպետք է լինեն: Մենք չենք պատրաստվում հեռանալ ռազմաքաղաքական ասպարեզից։ ՀԱՊԿ-ը գոյություն կունենա, և ոչ ոք չի փլուզվի, բայց մեզ միասնություն է պետք»։

Կուլուարներում Լուկաշենկոն շատ ավելի կտրուկ էր արտահայտվել՝ ինքը վերջինը կլքի ՀԱՊԿ-ը, կամ գուցե․․․ առաջինը, եթե այսպես շարունակվի։

Պուտինի ներկայությամբ, այսպիսով, հրապարակային, վեհաժողովի պաշտոնական մակարդակում հնչում են «Ռուսաստանի փլուզում, ՀԱՊԿ փլուզում» արտահայտությունները։ Բացի զինակրից, Լուկաշենկոն կատարում է նաեւ Պուտինի խոսնակի դերը․ ռուսական պաշտոնական քարոզչությամբ նույնպես արձանագրված է, որ Լուկաշենկոն ասում է այն, ինչը Պուտինը չի կարող ասել։ Ընդ որում, այս պնդումն արվեց հատկապես երեւանյան հավաքի կապակցությամբ։

Ռուսաստանի, ՀԱՊԿ փլուզման հեռանկարի մասին Պուտինը չէր կարող խոսել, դրա մասին խոսում է Լուկաշենկոն՝ Պուտինի լռության ու մենության մեջ։ Ռուսաստան արդեն չկա, ասում է Պուտինը Լուկաշենկոյի միջոցով, մտածեք փլատակների տակ չմնալու մասին։ Անկեղծ զգուշացում հապտատիրոջ կողմից։