Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը ճանապարհ է բացում՝ Ալիևի կողմից ագրեսիան, էթնիկ զտման քաղաքականությունն իրականացնելու համար

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, ավելի քան մեկ ամիս է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միջանցքը։ Ռուսաստանի գործողություններն ու հայտարարություններն ի՞նչ են փաստում։

Բերձորի միջանցքի շուրջ տեղի ունեցողը պետք է դիտարկենք շատ ավելի լայն համատեքստում։ Սա չպետք է դիտարկել զուտ հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, ոչ էլ միայն Ադրբեջանի ռեժիմի կողմից էթնիկ զտման քաղաքականության տեսանկյունից։ Խնդիրը հետևյալն է՝ Ռուսաստանի Դաշնությունն իր հետևողական գործողություններով քանդում է աշխարհակարգը՝ միջազգային ինստիտուտներ, նորմեր, քաղաքակիրթ խաղի կանոններ։ Եվ այս գործողություններում ինքը բնականաբար կուզեր միայնակ չլիներ, կուզեր, որ նման վայրենի, հանցավոր վարքագիծ դրսևորեին շատ այլ միջազգային սուբյեկտներ։ Ուրիշ այլ ռեժիմ, եթե ոչ հենց Իլհամ Ալիևի ռեժիմը և ուրիշ այլ «հարմար առիթ», քան Ղարաբաղի կոնֆլիկտը, չկա, որպեսզի այդ ագրեսիան դրսևորվի։ Եվ Ռուսաստանն ամեն կերպ տարածք է տրամադրում, ճանապարհ է բացում՝ Իլհամ Ալիևի կողմից այդ ագրեսիան, էթնիկ զտման քաղաքականությունն իրականացնելու համար՝ որպես երկրորդ օրինակը։ Եվ ես չեմ զարմանա, եթե վաղը Ռուսաստանը մեկ այլ նման օրինակների խրախուսման միջոցով այլ սուբյեկտներ ներգրավի։ Սկզբունքորեն նման օրինակ հանդիսանում է նաև Էրդողանի ռեժիմը, որն իրեն դրսևորում է Սիրիայում և այլն։ Այսինքն՝ Էրդողան-Պուտին-Ալիև այս եռյակը ունի օրգանական ընդհանրություն ու շահեր՝ իրենց այդ հանցավոր վարքագիծն իրականացնելու առումով։ Միջազգային իրավունքի, ինստիտուտների կենսունակության պարագայում իրենք՝ որպես կառավարողներ, այլևս չեն լինի, կամ առնվազն կիզգոյացվեն։ Այս տեսակետից ամենահարմար առիթը Բերձորի միջանցքի փակումն է և Արցախի դեմ պատերազմը, որն իրականացվեց և շարունակվում է։ Այս առումով պետք է դիտարկել, որ Բերձորի միջանցքի փակումը միջազգային մարդասիրական իրավունքի, ուժի միջոցով հարցերի լուծումն արգելելու սկզբունքի, ցանկացած խնդիր միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի ոտնահարման մի ամբողջ փունջ է։

Այս ամենը հասկանալի է, եթե ոմանց համար հասկանալի չէ, ապա շատ տխուր է։ Բայց այստեղ կարևոր հարց կա՝ իսկ ի՞նչ է անում Հայաստանը։ Այս ընդհանուր պատկերում շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, որովհետև խնդիրն արդեն Ղարաբաղի շուրջ իրավիճակից տեղափոխվել է Հայաստանի լինելիության, անվտանգության հարցերի դաշտ։ Անհետևողական, անսկզբունքային, պահային, զուտ արձագանքային այս մոտցումները համարժեք չեն այն մարտահրավերներին, որոնք թվարկեցի։ Եվ այս մոտեցումը չի կարող կանխող նշանակություն ունենալ։ Ես այստեղ կուզեմ նշել ներքին և արտաքին անվտանգության համակարգերի փոխկապակցվածության հարցը։ Դրանք այնքան փոխկապակցված են, որ անհնար է տարանջատել։ Համակարգերի արմատական բարեփոխումները՝ պաշտպանության, անվտանգության, պետական կառավարման, արդարադատության, իրավապահ համակարգի արդյունավետության ապահովումը կարևոր երաշխիքներից մեկը կարող էր լինել, որպեսզի նաև արտաքին անվտանգային մարտահրավերները կանխեինք։ Սա պետք է արվեր 2018 թվականից հետո, մանավանդ, որ այդ ներքին ու արտաքին համակարգերն արդեն իրենց ձախողումը ցույց էին տվել նախորդ ժամանակահատվածում։ 1994 թվականի զինադադարից հետո մինչև 2020 թվականը մեր անվտանգության համակարգի սնանկությունը և ձախողումը տարբեր դրվագներով մշտապես հաստատվել էր։ Իհարկե, դրա հիմքում կոռուպցիան էր, բայց այստեղ շատ կարևոր է, թե դու ի՞նչ խնդիր ես լուծում և ովքե՞ր են քո խնդիրների լուծման համար քո գործընկերները։ Հայաստանը 2018 թվականից հետո չփոխեց իր անվտանգության համակարգերի ձևավորման, զարգացման գործընկերներին։ Այդ համագործակցությունն արդեն ձախողված էր, և դա երևաց 2008 թվականին, 2016 թվականին։

Այս պահին մենք պետք է ունենայինք շատ արդյունավետ զինված ուժեր։ Եթե դու արդյունավետ զինված ուժեր չունենաս, որը հակահարված կտա, և դիմացինը կիմանա, որ ցանկացած ագրեսիա կունենա հակահարված, դու անընդհատ խոցելի կինես։ Իսկ դրա համար պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել, այդ բարեփոխումների համար գործընկերները հաստատ չպետք է լինեն այն երկրները, որոնք այսօր կան։ Այն ընդհանուր մարտահրավերները, որոնք ես նշեցի, այդ մարտահրավերների հեղինակներն ու ճարտարապետները, միջազգային իրավունքի ինստիտուտների խաղի կանոններն արժեզրկող ճարտարապետները չեն կարող լինել քո գործընկերը՝ նման մարտահրավերները կանխելու համար։ Շատ աբսուրդ է մի կողմից ասել, որ ամբողջ պետությունը և կառավարման համակարգը փտած էր, հետո ասել՝ չէ, զինված ուժերն արդյունավետ ու հզոր են։ Դու ինչքան ոչ ադեկվատ պետք է լինես, որ չանելով ռեֆորմներ, համարես, որ նախկին համակարգի շրջանակներում որևէ արդյունավետ համակարգ կգործի։ Այսինքն՝ ստացվում է, որ երբ մենք խոսել ենք կոռուպցիայի, մարդու իրավունքների մասին, դրանց խորքային ու ծավալային իմաստը չի հասկացվել։ Հիմա նոր-նոր սկսել են հայտնաբերել, այսինքն՝ գործ ունենք բացառիկ ոչ ադեկվատ ընկալման հետ։ Ավելին, դրանից հետո էլ անգործություն ու ոչ համարժեք քայլեր ենք տեսնում։ Այսօր գիշեր-ցերեկ պետք է աշխատել, դու չես կարող կառավարման հանգիստ ռեժիմի պայմաններում այն փոփոխություններով ու քաղաքականության մշակմամբ զբաղվել, որը հիմա Հայաստանը չունի։ Դու շարունակում ես ՀԱՊԿ-ը քո անվտանգության ձևավորման ինստիտուտ համարել, որը միջազգային իրավունքի և միջազգային կանոնների, ինստիտուտների ոտնահարողն է։ Այն դեպքում, երբ դու նաև այդ նույն միջազգային իրավունքի ոտնահարման զոհ ես հանդիսանում։ Պատահական չէ այդ անկեղծության պահը՝ Լուկաշենկոն ասում է՝ «ի՞նչ եք ուզում, մեր մարդն է Ալիևը»։ Խոսքն անձերի մասին չէ, բնույթի, տեսակի մասին է։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանն ինքը պետք է դիմի ՄԱԿ՝ Արցախ միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու կամ ՌԴ խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տրամադրելու հարցով։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն այդ հարցով դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, կստացվի, որ Ռուսաստանի դեմ գործողություն է անում։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

Եթե հիշում եք, մենք բազմիցս պահանջել ենք, հատկապես 2021 թվականի մայիսյան հարձակումներից հետո, որպեսզի հարցը բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եվ ի՞նչ պատասխան էինք ստանում, որ անիմաստ է, անարդյունավետ։ Ի վերջո, մեկ տարի ուշացումով դիմեցին։ Եթե մեկ տարի շուտ դիմեին, հարցը միջազգային ասպարեզում դիտարկելու հնարավորություն ու գործընթաց կլիներ։ Ամենաաբսուրդն այն կիներ, որ Ռուսաստանն ինքն այս պայմաններում դիմեր ՄԱԿ՝ միջազգային խաղաղապահ ուժերի մանդատ ստանալու հարցով։ Այսինքն՝ ինքնին նման միտքն արդեն աբսուրդ է։ Մի պետություն, որը միջազգային հանրության, ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով արդեն իսկ ճանաչված է ագրեսոր, իզգոյ ռեժիմ, պատժամիջոցներ են սահմանված, աբսուրդ է  ենթադրել, որ ինքը կարող է հարց բարձրացնել, և այդ հարցն այնտեղ ընկալվի, ընդունվի։ Եթե դրա մեջ կա ինչ-որ դիվանագիտական տրյուկ, որպեսզի հարցը տեղափոխի Ռուսաստանի վրա, դա առավել ևս աբսուրդ է, որովհետև հարցն արդեն 30 տարի է՝ տեղափոխված է Ռուսաստանի վրա։ Ամենավերջինը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է տեղափոխված, և դրա հետևանքը տեսնում ենք։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին՝ բազմազգ խաղաղապահների հարցով, որպեսզի Ռուսաստանին դեմ չգնա, ապա այստեղ ես կասեմ՝ վախենալով անվտանգութուն չես կարող ապահովել երբեք։ Վախը՝ որպես գործոն, հնարավորություն, երբևէ չի կարող արդյունավետ լինել։ Այսինքն՝ ոչ թե պետք է վախենալ, այլ գործել, որպեսզի վախ հարուցող սպառնալիքները չեզոքացվեն, մարվեն, կանխվեն։ Այդ ուղղությամբ բոլորովին այլ բնույթի աշխատանք պետք է տարվի։