Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանից այս օրերին հայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան

Ռուսաստանից այս օրերին հայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան, նրանք խորհրդատվություն ստանալու կարիք ունեն։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» ՀԿ աշխատանքային միգրացիայի ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ նշելով, որ իրեն դիմում են տարբեր հարցերով։

«Առաջինը հարցնում են, որ եթե գան, կարո՞ղ են սահմանը հատել։ Անկեղծ ասած, մինչև այսօր կարծես թե խնդիր չկար, բայց այսօր իմացանք, որ արդեն Վրաստանով սահմանը փակ է։ Հաջորդ հարցը, որ բարձրացնում են մեր հայրենակիցները, այն է, թե ինչպե՞ս կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Այսինքն՝ ցանկանում են երկքաղաքացիություն ունենալ, այդ դեպքում իրենք հնարավորություն են ունենում ՀՀ քաղաքացու անձնագրով հատել սահմանը։ Եթե սահմանապահները բազաների համադրում չանեն, տվյալները թարմացված չլինեն, մեր հայրենակիցներն ավելի հեշտ կկարողանան հայկական անձնագրով դուրս գալ Ռուսաստանից։ Այս հարցը ամենաշատը հուզում է զինապարտության տարիքի երիտասարդներին։ Հարցնում են նաև ժամկետների մասին, եթե դիմեն՝ ինչքա՞ն ժամանակում կստանան քաղաքացիություն, արդյոք դրա համար պետք է գալ Հայաստան, թե՞ ոչ։ Ես այդ խորհրդատվությունը տրամադրում եմ իրենց, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն եմ տրամադրում իրենց, այդ տեղեկությունը կարող են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան միջոցով ստանալ»,- ասաց Բեժանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ բոլոր երկրների սահմաններին այս օրերին մեծ թվով մարդկային կուտակումներ կան։ Օդանավակայաններում նույնպես մեծ կուտակումներ են, ՌԴ-ից բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները կտրուկ աճել են։