Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանն անցնում է Հայաստանի հետ ուղիղ առճակատման ռեժիմի․ ժամանակը սպառվում է

Երեւանում ՌԴ դեսպանատան նյարդային արձագանքը «Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավվածության վերաբերյալ ռուսական կառույցների հասցեին տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ հաղորդումների» կապակցությամբ մի տեսակ որպես խոստովանություն է հնչում, ինչպես ՌԴ առաջին դեմքերի ցանկացած հայտարարություն Հայաստանի վերաբերյալ։ Առավել եւս, որ դեսպանատունը իր հայտարարության մեջ հիշատակում է «հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման փորձերը»։

Ինչ են այդ հարաբերությունները ռուսների համար՝ բացառապես հայերի հնազանդություն եւ հայերի հաշվին իրենց խնդիրները լուծելու հնարավորություն։ Ինչ սկսել են «հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները»՝ հայերը միլիոնավոր զոհեր են տվել եւ կորցրել սեփական բնիկ եւ քաղաքակրթական արեալի 9/10-րդը։ Հանուն ռուսների հետ եղբայրության, հանուն պրոլետարական համերաշխության, հանուն Պուտինի դեմքը պահելու։ Հայերի ծայրահեղ ապակողմնորոշվածությունը ապահովվում է համապատասխան մեխանիզմներով՝ «թուրքը հարձակվում է, ռուսը վերջին պահին փրկում»։ Այս մեխանիզմին է ծառայեցված ռուսանպաստ քաղաքական նոմենկլատուրայի, ակադեմիական շրջանակների, ագենտուրայի ու զլմների գերակշիռ մասի գործն ու քարոզչությունը։

Հայերն այս ամենը տեսան իրենց աչքերով, հատկապես Հին Թաղեր-Խծաբերդ-Փառուխ-Լաչինի միջանցք ցուցադրական օրինակներով, հայերի պատանդառության, տեղահանության եւ զինաթափման վերջնագրերով։ Պուտին-Էրդողան պակտից հետո Ռուսաստանը Հայաստանի դեմ անցել է ուղիղ առճակատման ռեժիմի։ Մոսկվան արագացնում է Արցախը Բաքվին հանձնելու ծրագրերի իրագործումը՝ առաջնորդելով Բաքվի գործողությունները։

Ինչպես 100 տարի առաջ՝ 1915-1923 թթ․, այնպես էլ հիմա նույնն են մեխանիզմները, նույնը՝ դերակատարները, նույնն է նաեւ ցեղասպանության առաջնորդողը՝ Ռուսաստան։ Հիմա սակայն թուրքերի թիկունքում թաքնվելն արդեն չի ստացվում, կասկածելի են նաեւ ցեղասպան ծրագրերը Երեւանի ու Ստեփանակերտի կոլաբորանտ վարչակազմերի ձեռքով իրագործելու հնարքները։

Այս ֆոնին, տրամաբանական է, որ Երեւանում վերջին օրերին հաճախացած ռումբերի ահազանգերը եւ հանրությանն ահաբեկելու փորձերը կապվում են Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի հետ։ Մասնավորապես, ՀՀ հարավի անեքսիայի ծրագրերը լուրջ հակազդեցության են բախվում Իրանի ու Արեւմուտքի կողմից։ Բացի այդ, կան այլ հանգամանքներ՝ միջազգային նորմը, որը կարող է գործի դրվել, ինչպես Ուկրաինայի պարագային, ինչպես նաեւ հայ-ռուսական «դաշնակցային» պայմանագրերի ու պարտավորությունների մակուլատուրան, որը Ռուսաստանը չի կատարելու ոչ մի դեպքում։ Այս հանգամանքները հաղթահարելու համար, ինչպես նշում է քաղաքագետ Սարո Սարոյանը, Ռուսաստանը պետք է Հայաստանում խուճապի ու քաոսի մթնոլորտ ստեղծի ու կազմալուծի պետական կարգը, ինչպես նաեւ գործադրի ավանդական մեթոդը՝ թուրքերի հարձակումը եւ ռուսների «փրկչական միջամտությունը»՝ արդեն կատարված անեքսիայի փաստով եւ «ռուսները չլինեին՝ էս էլ չէր մնա» պրոպագանդոնական թեզով։

ՀՀ հարավի անեքսիան եւ միակ հույս ու ապավեն Թուրքիայի հետ ուղիղ կապը կյանքի ու մահվան հարց է Կրեմլի կլեպտոկրատ ռեժիմի համար։ ՌԴ դեսպանատան նյարդային հայտարարությունն իշխանությանն ուղիղ հրահանգավորմամբ՝ Հայաստանի դեմ ՌԴ ուղիղ առճակատման վկայությունն է։