Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսները ոտուձեռ են ընկել Հայաստանում․ մարտի են նետվել բոլոր ռեզերվները

Բաքվի ռեժիմին սպասարկող հիմնական կայքերից մեկը համագործակցում է Հայաստանում փրփուրներից կառչող ռուսանպաստ ակտիվի հետ՝ ռուսական հանգուցյալ միֆի այտերին հինա քսելով։ Ռուսների ստրատեգիական նորամուծությունները միաժամանակ հակահայ եւ հակաիրանական ուղղվածություն ունեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից ու ԱՄՆ-ի կողմից Հայաստանի դեմ ռուս-թուրքական սեպտեմբերյան ագրեսիայի հետեւողական դատապարտումից հետո ռուսները ոտուձեռ են ընկել․ մարտի են նետվել բոլոր ռեզերվները՝ «անկախ ու արեւմտամետի» համբավով փորձագետներ (սրանց ասածը հավանաբար համարվում է վստահություն ներշնչող), հանրությանը մինչ այս անհայտ «վերլուծաբաններ», խորն անթեղված ագենտուրա եւ աշխարհքաղաքական տեսաբաններ, նախկին նախագահներ ու դեպուտատներ։

Բերձորի միջանցքը թուրքերին հանձնելուց հետո Ռուսաստանն արդեն ուղիղ եւ իր դեմքով է գործում Հայաստանի դեմ, եւ դա անխուսափելի էր՝ արդեն հնարավոր չէ մշտապես քողարկվել թուրքերի հետեւում։ Սեպտեմբերյան ագրեսիան եւ ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ պահվածքը դրանում կասկած չեն թողնում արդեն նույնիսկ անհույս ռուսասերների մոտ։ Ագրեսիան Հայաստանի արեւելյան շրջանների դեմ սկսել է 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, Սյունիքի օտարման գործողությունը համենայնդեպս երկու անգամ խափանվել է Իրանի ու ԱՄՆ դիրքորոշումների ու գործողությունների շնորհիվ, ինչը հակաարեւտյան ինքնամոռաց հիստերիայի արանքում խոստովանում են անգամ ռուս «հայամետ ականավոր փորձագետները»։

Որոնք են սեպտեմբերյան ագրեսիայից հետո ռուսական ստրատեգիական նորամուծությունների քարոզչական հիմնական թեզերը․ Հայաստանը չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, Հայաստանը կապիտուլյացվել է եւ պետք է փաստաթղթերը ստորագրի, հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացումը հարված կհասցնի հայ-իրանական հարաբերություններին, Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացումը կհանգեցնի Սյունիքի կորստին եւ այլն (հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարն էր ասուլիսի ժամանակ ուղիղ հարց տվել Լավրովին՝ ՌԴ-ն կո՞ղմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը․ Լավրովը մինչ այժմ չի պատասխանել)։ Այս համատեքստում, երեւանյան մի հավաքի ժամանակ հիշել են 2018-ին այն ժամանակ Թրամփի խորհրդական Բոլթոնի այցը Հայաստան եւ նրա հայտարարությունները ամերիկյան զենքի վաճառքի, Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով ինչ որ պահանջների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Բոլթոնի այցին, պետք է նշել, որ նա իրոք արհամարհեց Փաշինյանին ու քպ-ական վարչարարներին առաջին հերթին էժանագին ռուսամետության համար ու հաթաթա տվեց (Փաշինյանի բառերով՝ չափալախներ կախեց) չծավալվել Սիրիայում, կամ այնտեղ հայկական զորք տեղակայելու խնդրով դիմել ԱՄՆ կառավարությանը։

Այս ամենի նպատակը հասկանալի է՝ հեռանալով Կովկասից, ռուսները ցանկանում են այն հանձնել թուրքերին ու բացառել արեւմտյան ներկայությունը։ Բնական է, որ Բաքվի հիմնական քարոզչական ռեսուրսները իրենց մեկնաբանություններում խիստ ներդաշնակ են հայկական ռուսանպաստ ակտիվի հետ, հատկապես իրանական թեմայով։

Բոլոր դեպքերում, Արեւմուտք-Հայաստան կապերի անկանոնությունը բխում է բարդագույն փոփոխությունների հարցում Փաշինյանի վարչակարգի անհամարժեքությունից, արտաքին քաղաքականության իսպառ բացակայությունից, ինչի մասին խոստովանեց ինքը Փաշինյանը խորհրդարանում վերջին հաշվետվության ժամանակ։