Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շարունակվող «մերձեցում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վերջերս վարչապետի նախկին խորհրդական Լեւոն Մազմանյանը «Առավոտում» հրապարակված հոդվածում իրավացիորեն նշել է, որ նախկիններն ու ներկաները գնալով ավելի շատ են մերձենում իրենց գործելաոճով: Նախկինները փոխառել են ներկաներից կարգախոսներով ուղեկցվող պոպուլիզմը, իսկ ներկաները նախկիններից՝ այն հոռի բարքերը, որոնք խարազանելով, իրենք եկել էին իշխանության:

Խոսքը, բնականաբար, նախեւառաջ, կոռուպցիայի մասին է: Ասել, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, իհարկե, անարդար կլիներ: Ենթադրում եմ, որ անցել են այն ժամանակները, երբ «փող հավաքողները» կանխիկ փողով լցված ճամպրուկներով գնում էին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, եւ վերջիններս համապատասխան վերաբաշխումներ էին անում: Բայց, եթե չկան նման, թույլ տվեք ասել, արքայիկ, «Սոպրանոյի ընտանիքը» սերիալը հիշեցնող կոռուպցիոն դրսեւորումները, ապա դա չի նշանակում, որ այդ արատն ի սպառ վերացել է: Մեկ անձից կատարվող գնումների մրցույթներում որոշակի ընկերությունների հաճախակի «հաղթանակները» նույնպես կոռուպցիայի դրսեւորումներ են այն դեպքում, եթե բարձրաստիճան պաշտոնյաների մոտ բարեկամները այնտեղ «ընդամենը տնօրեն» են աշխատում: Նրանք կարող են որպես «ընդամենը պահակ» գրանցվել, դա իրական բիզնեսի իմաստը չի փոխում:

Կամ, վերցնենք այն դեպքերը, որոնց վերջերս անդրադարձել են «Հետքի» մեր գործընկերները: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում առանձնատուն է գնել, որի արժեքը կազմել է համարյա 585 հազար դոլար: Այդ պաշտոնյայի գործարար տաղանդները ծաղկել են 2018 թ. հեղափոխությունից հետո, երբ նա տարբեր պաշտոններ էր զբաղեցնում՝ զուգահեռաբար զբաղվելով ճանապարհաշինական բիզնեսով եւ ակտիվորեն մասնակցելով պետական գնումներին: Կամ՝ երեկ հրապարակված դեպքը. Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանը 537 մլն դրամի պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ: Կարծեմ՝ Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտե կա: Այդ պետական մարմինը միայն նախկիններո՞վ է զբաղվում, թե՞ նաեւ գործող պաշտոնյաներով: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ պաշտոնյաներին ձեռք չեն տա, որովհետեւ նրանք հավատարմորեն ծառայում են ներկա իշխանություններին: Այդպես էր նաեւ մինչեւ 2018 թվականը:

Քանի որ փողաբեր պաշտոններում թե՛ կոմունիստների օրոք, թե՛ ՀՀՇ-ի, թե՛ 2-րդ եւ 3-րդ նախագահների ժամանակ եւ թե՛ հիմա «ինչ-որ հրաշքով» հայտնվում են նույն տեսակի մարդիկ, հակված եմ կրկնել բազմիցս արտահայտած միտքս՝ խնդիրը համակարգային է:

Արամ Աբրահամյան