Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՇՄՆ-ն դրական եզրակացություն է տվել «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ»-ին։

Եզրակացության մեջ նշված է, որ թեև հանրային երկրորդ քննարկումների ժամանակ Ուրասարի բնակիչները իրենց մտահոգություններն են արտահայտել  հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ժամանակ առաջացող բացասական հետևանքների վերաբերյալ և դեմ են արտահայտվել, այնուամենայնիվ հաշվի առնելով մասնագետների կարծիքը տրվել է դրական եզրակացություն։

«Քաղաքացու ձայն» ՀԿ-ն հիշեցնում է, որ «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ»-ի վերաբերյալ հանրային քննարկումները մեկնարկել էր 2022թ․ ապրիլից։ Ապրիլի 7-ին նշանակած հանրային քննարկումները կայացել էին Ուրասարում և Պուշկինոյում, բայց Գոգարանում բնակիչները թույլ չտվեցին նախաձեռնողներին անցկացնել հանրային քննարկումները, և նախաձեռնեցին ստորագրահավաք՝ դեմ արտահայվելով նախատեսված աշխատանքներին, հայտնելով, որ դրանով կտուժի բնությունը, ջրային ռեսուրսները։ Երկրորդ հանրային քննարկումները նախաձեռնողներն անցկացրին 2022թ․ հոկտեմբերի 28-ին Ուրասարում և Պուշկինոյում, բաց թողնելով Գոգարանը, հայտարարելով, որ այն այլևս իրենց հետաքրքրությունների շրջանակում չէ։

2022թ․ հոկտեմբերի 28-ին Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրերում անցկացված հանրային քննարկումների վերաբերյալ կարծիք էր ներկայացրել նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Նա կարծիքում նշել էր այն բոլոր պատճառները, որոնց հիման վրա պետք է «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ»-ին տրվեր բացասական եզրակացություն։