Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան

Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 50, վիրավորվել 200 մարդ։ Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։

«Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունի և հարակից տարածքում տեղի ունեցած երկու հաջորդական երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները եղել են Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։

Երկրաշարժի առաջին ցնցումը 7,7 բալ ուժգնությամբ էր՝ Իսքենդերունի հյուսիսային շրջանում,  երկրորդը՝ 6,4, Թուրքիա-Սիրիա սահմանին։ Հաջորդական երկու երկրաշարժերը տևել են ավելի քան 2 վայրկյան»,- գրում է շաբաթաթերթը։ 

Նախարարության տվյալներով՝ երեք նահանգներում մինչև այս ժամը արձանագրվել է 50 զոհ, 200 վիրավոր։

Ըստ «Գանձասար»-ի՝ զոհերի մեջ հայեր էլ կան։

Նշվում է, որ շենքեր էլ են փլվել։ Փրկարար աշխատանքները շարունակում են։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։

Թուրքական յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 76-ի, ևս 440-ը տուժել են։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։

Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: