Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպասում են Փաշինյանի պատասխանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Անկարայի առաջարկը Երեւանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում գոյություն ունեցող եւ ձեւավորվող բազմակողմ բանակցային ձեւաչափերին եւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ժնեւում միջազգային բանակցությունների շրջանակներում շարունակել կառուցողական փոխգործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հարցում, ինչը կապահովի Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ ուղիղ ու հավասար երկխոսությունը: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է նպաստել «3+3» տարածաշրջանային ձեւաչափի աշխատանքին, որը համարվում է օգտակար եւ նպատակային հարթակ։ «Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ, ի շահ տարածաշրջանային խաղացողների, համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա, մենք համարում ենք օգտակար եւ ժամանակին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձեւաչափի գաղափարն սկսեց շրջանառվել 44-օրյա պատերազմից հետո, այն ենթադրում է տնտեսական համագործակցություն եւ հարաբերությունների խորացում՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ։

Լավրովի հայտարարությանը զուգահեռ Թուրքայի ԱԳ նախարարն էլ քառակողմ ձեւաչափերի մասին է խոսել: Անկարան Հայաստանին համագործակցության է հրավիրում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Ըստ Մեւլութ Չավուշօղլույի` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ եռակողմ ու քառակողմ ձեւաչափերը մեծ օգուտ կբերեն տարածաշրջանին։ «Քանի որ Հյուսիսային միջանցքն այլեւս այլընտրանք չէ, փորձել ենք ընդլայնել Անդրկասպյան միջանցքի կիրառումը։ Հետագայում Հայաստանը եւս կկարողանա միանալ մեր կողմից իրականացվող նախագծերին, երբ մենք իրականացնենք նախագծերը։ Միջին միջանցքն ապագայում ավելի նշանակալի կդառնա»,-ասել է Չավուշօղլուն։

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով եւ Սեւ ծովով դեպի եվրոպական երկրներ։ Միջանցքը բացվել է 2017-ին, այդ ժամանակից կոնտեյներային երեք գնացք է գործարկվել։ Երթուղին` Չինաստան (Սիան քաղաքի Լյանյունգան նավահանգիստ) – Ակտաու (Ակտաու նավահանգիստ) – Բաքու (Ալյաթ նավահանգիստ) -Թբիլիսի, այնուհետեւ երթուղին կարող է հասնել մինչեւ վրացական Փոթի նավահանգիստ եւ Սեւ ծովով Եվրոպայի խորքեր կամ Բաքու-Թբիլիսի-Կարսով շարունակվել Թբիլիսիից Կարս եւ Թուրքիայի տարածքով (Իզմիթ, Մերսին, Չերքեզքյոյ) հասնել եվրոպական երկրներ։ Երթուղով կոնտեյներային փոխադրումներ են իրականացվում։ Գործարկվել է երկաթուղային եւ ծովային տրանսպորտ (Կասպից ծովի ջրատարածքով)։ Թողունակությունը տարեկան 10 մլն տոննա բեռ է, այդ թվում` մինչեւ 20 հազար կոնտեյներ։

Թբիլիսին Երեւանին խաղաղ հարեւանության հարթակի ձեւավորման նախաձեռնություն է առաջարկել

Արձանագրենք, որ Հայաստանի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա, տարածաշրջանային խաղացողները, պարբերաբար ակնարկում են, որ Երեւանի դիրքորոշմանն են սպասում:

Հունվարի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երեւան ժամանեց, կայացավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որի ընթացքում Փաշինյանը նշել է, որ կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարեւոր ձեւաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը: «Անշուշտ, պարոն վարչապետի հետ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաեւ անվտանգային, քաղաքական եւ տարածաշրջանային նշանակության հարցեր: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջեւ դարավոր կապերով եւ հայ-վրացական եղբայրական հարաբերությունների գերակայության գիտակցմամբ»,- նշել էր Փաշինյանը:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին նախ ողջունելի արդյունք էր համարել այն, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առեւտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով եւ գերազանցել է 1 մլրդ դոլարը. «Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առեւտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում: Ուզում եմ նշել նաեւ, որ բոլոր ուղղություններով մենք ունենք դրական առաջընթաց. զբոսաշրջություն, բեռնափոխադրումներ, բոլոր ուղղություններով աճել են տվյալները»: Այնուհետեւ Ղարիբաշվիլին հավելել էր. «Մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարեւանության հարթակի ձեւավորման համար: Տվյալ ձեւաչափը չի փոխարինի այլ ձեւաչափերի եւ այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն հաստատվի: Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ առանց կայունության եւ խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի եւ մեր ժողովուրդների բարեկեցության»:

Նիստի արդյունքներով Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո, ըստ դրա` Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաեւ ID քարտերով: Ստորագրվել էր նաեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

Փաշինյանը հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում, նկատենք, որ, թեեւ շեշտեց Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման կարեւորությունը, որպես` Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնայնություններից մեկը, ընդգծեց տնտեսական, մշակութային համագործակցության խորացումը, սակայն անպատասխան թողեց պաշտոնական Թբիլիսիի նախաձեռնության մասին արված ակնարկը:

Երեւանն առանձնապես մեծ հույսեր չի փայփայում, խոսում է խոչընդոտների մասին

Իրակլի Ղարիբաշվիլի այցից մեկ շաբաթ անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձավ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ Երեւանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափ ստեղծելու առաջարկը: «Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջեւ եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել եւ այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ եւ խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի եւ թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»,- նշեց նա:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարության առիթով, որով նա հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արեւելք-արեւմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հետ, Միրզոյանը նկատել էր. «Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, եւ մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության եւ ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է»:

Պաշտոնական Երեւանն, այսպիսով, առաջիկայում կարող է եռակողմ հանդիպման մասնակցել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների մակարդակով։ Նման գաղափար կա, թեեւ առայժմ հայտնի չէ, թե երբ եւ որտեղ կարող է կազմակերպվել այդ հանդիպումը։ Միրզոյանի խոսքից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանը համաձայնել է եւ հիմա էլ պատրաստ է, թեեւ նույն արտգործնախարարի խոսքով՝ «այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ եւ խոստումնալից չի թվում», որովհետեւ հնարավոր չի համաձայնեցնել անգամ ատելության խոսքի եւ թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող համատեղ հայտարարություն:

Նկատենք, որ Ալիեւը վերջերս Դավոսում պնդեց, թե Երեւանը հրաժարվել է կովկասյան երեք պետությունների մասնակցությամբ նոր ձեւաչափ ստեղծելու առաջարկից. «Մեր առաջարկությունն էր Վրաստանում երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո Վրաստանն այն տեղն է, որտեղ հարեւաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ»։

Հունվարի 22-ին պաշտոնական Թբիլիսին, կարծես, դեռ հույս ունենալով իր նախաձեռնության կյանքի կոչման հարցում, դարձյալ կրկնեց դիրքորոշումը` Հայ-ադրբեջանական հարաբերութուններում Վրաստանը միակ չեզոք միջնորդն է:

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շեշտել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերութուններում Վրաստանը միակ չեզոք միջնորդն է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին, Վրաստանը միակ չեզոք, անկաշառ եւ օբյեկտիվ միջնորդն է: Ինչպես նշեց նախագահ Իլհամ Ալիեւը, եռակողմ հանդիպման կազմակերպումը (Բաքու-Թբիլիսի-Երեւան ձեւաչափով-խմբ.) բխում է նաեւ մեր շահերից, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, Վրաստանին եւ Հայաստանին: Մենք իսկապես կարող ենք այս տարածաշրջանը վերածել խաղաղության, առաջընթացի եւ կայունության տարածաշրջանի»,- ասել է Ղարիբաշվիլին: Ալիեւն իր հերթին ասել էր. «Ես բարձր եմ գնահատում իմ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով հանդիպում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ… Եթե Կովկասի բոլոր երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, կայունության, սահմանների սահմանազատման առումով, տարածաշրջանն ավելի ապահով կլինի»։

Հունվարի վերջին խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին կրկնեց երկրի վարչապետի դիրքորոշումը, նշելով, որ Վրաստանը լավագույն հարթակն է հայ-ադրբեջանական բանակցությունների համար. «Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ՛Հայաստանի հետ: Վրաստանում ապրում են երկու ազգությունների շատ մարդիկ: Վրաստանի դերը այս երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում առանձնահատուկ կարեւորություն ունի, հատկապես, եթե նրան աջակցում է միջազգային հանրությունը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ