Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով․ Արարատ Միրզոյան

Ի պատասխան ադրբեջանական առաջարկների՝ հայկական կողմը հանդես կգա հերթական առաջարկներով։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Խաղաղության կամ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները ակտիվ փուլում են, շարունակվում են։ Գիտեք, որ ամեն անգամ փաստաթղթի նոր խմբագրություն է շրջանառվում։ Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև բանակցությունները հենց դրա համար են բանակցություններ, որպեսզի կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ, ունենալ համատեղ արդյունք։ Առայժմ բանակցությունները շարունակվում են, կան միմյանց համար անընդունելի բաներ, կան բաներ, որտեղ կողմերը կարող են ընդառաջ քայլեր անել»,- ասաց նա։

Ըստ Միրզոյանի՝ այս պահին կողմերի հանդիպում պլանավորված չէ․ «Բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում։ Համենայնդեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը։ Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կհասցնենք ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել։ Մեր մտադրությունը մեծ հաշվով ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը»,- ասաց նա։ Անդրադառնալով Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկմանը՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Ադրբեջանական կողմն է, որ խեղաթյուրում է պայմանավորվածությունները։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում, և այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար։ Ենթադրվում է, որ եթե չորս հոգի պայմանավորվում են հաջորդ հանդիպման համար, ակնհայտ պետք է լինի, որ խոսքն այդ չորս մարդու հանդիպման մասին է։ Եվ, ահա, դրանից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է այս ձևաչափով նոր հանդիպման մասնակցել։ Սա ապակառուցողական քայլ է»։