Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազների աշխատավարձը 100 տոկոսով բարձրացնում են. նախարարության առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնյային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Ըստ պաշտոնական հիմնավորման՝ դատախազների ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դատախազի աշխատանքը կորցրել է գրավչությունը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն է տեղի ունենալու։

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 412 անձ) ամսական դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 3 մլրդ 377 մլն 500 հազար դրամ։

Պարզվում է՝ վերջին տարիներին քանակական աճ է արձանագրվել դատախազական գործառույթների անխտիր բոլոր ուղղություններով, եւ դատախազների օրական աշխատաժամանակը շատ հաճախ հասնում է 12-13 ժամի:
Ըստ արդարադատության նախարարության՝ դատախազների աշխատանքը ոչ միայն գերծանրաբեռնված է, այլեւ նրանց վրա ճնշումները ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից, այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային՝ հաշվի առնելով, որ նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300 հազար դրամը։

Քիչ չեն երիտասարդ, ԲՈՒՀ-ը նոր ավարտած իրավաբաններն, որոնք դատախազի աշխատանքի նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածությամբ համալրում են դատախազների շարքերը։ Բայց ավելի հաճախ են դառնում այն դեպքերը, երբ դատախազության համակարգը համալրելուց և 3-4 տարի պաշտոնավարելուց ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց հետո դատախազները համալրում են փաստաբանական համայնքի շարքերը՝ և ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, որպես փաստաբան աշխատելիս ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն:

Սյունէ Համբարձումյան