Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ցրտից» մինչև «բարի առավոտ» Երևանում. ԵՄ-ն կերկարաձգի՞ առաքելությունը Հայաստանում

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է Երևանում առաջիկա հանդիպումների մասին։ «Բարի առավոտ։ Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Ակնկալում եմ կեսօրին բովանդակալից հանդիպումներ ունենալ», գրել է նա Թվիթերում։

Հոկտեմբերի 28-ին Կլաարը այլ կերպ էր հայտարարել Երեւան այցի մասին։ Նա լուսանկար էր հրապարակել՝ մակագրելով. «Գեղեցիկ, բայց մի փոքր ցուրտ առավոտ Երևանում»։

Ի՞նչ է փոխվել «ցուրտ» առավոտից հետո և ինչո՞վ է հիմա «բարի»:

Եվրոպայի համար «ցուրտ առավոտ» էր, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանի թվիթը, որում նա ասում էր, որ «Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, որոնք ներկայացվել են Ռուսաստանի կողմից, և պատրաստ է դա հաստատել Սոչիում»։ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը համաձայնագիր ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ աշխարհում չկա մի երկիր, որ չճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Հոկտեմբերի 31-ին, երբ Կլաարը դեռ տարածաշրջանում էր, Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպումը, որտեղ հաստատվեց, որ խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, այսինքն՝ ռուս-թուրքական սխեմայի շրջանակներում։

Մոսկվան և Անկարան սկսեցին նախապատրաստվել նոր ճեղքման այն բանից հետո, եթե Թրամփի կողմնակիցները հաղթեին ԱՄՆ միջանկյալ ընտրություններում։ Բայց նոյեմբերի 8-ին Թրամփի կողմնակիցները ջախջախիչ պարտություն կրեցին, Պուտինը անմիջապես հայտարարեց Խերսոնից նահանջելու մասին, Փաշինյանն ասաց, որ սա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ «շրջանակային փաստաթուղթ», որը սահմանազատում չի ենթադրում։

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Խորհրդարանի վերին, իսկ նոյեմբերի 30-ին՝ ստորին պալատները բանաձեւեր ընդունեցին՝ Արցախում Մարդասիրական կենտրոն բացելու առաջարկով և կառավարությանը կոչ արեց ճանաչել Արցախը։

Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին հայտարարությունը` պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքական գնահատականից։

Նոյեմբերի 25-ին Ալիևը հայտարարեց, որ Բրյուսելում հանդիպում չի լինելու, քանի որ Փաշինյանը որպես պայման առաջ է քաշել Մակրոնի մասնակցությունը հանդիպմանը։

Դեկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում Լավրովը բացահայտեց «ռուսական առաջարկների» էությունը՝ հայտարարելով, որ Ալմա-Աթայի հռչակագրով Արցախի համար որեւէ կարգավիճակ նախատեսված չէ։ Զուգահեռաբար Արցախում սադրանքներ սկսեցին Բերձորի միջանցքի արգելափակմամբ։ Արցախի նախագահը գնում է Փարիզ և խնդրում Ֆրանսիային ճանաչել Արցախը և միջազգային ուժերի կողմից երաշխավորել միջանցքի անվտանգությունը։

Այս բոլոր օրերին Երեւանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիկերը։

Դեկտեմբերի 6-ին Պեսկովը հայտարարում է Ռուսաստանում նոր եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։

Դեկտեմբերի 7-ին Փաշինյանն ու Միրզոյանը խորհրդարանում հայտարարում են, որ չեն կարողացել պայմանավորվել Մոսկվայում երկաթուղու շուրջ, մինչև տարեվերջ խաղաղ համաձայնագրի պատրաստում դժվար թե տեղի ունենա։

Միաժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է Հայաստանում եվրոպական քաղաքացիական առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին, ինչը համաձայնեցվել էր հոկտեմբերի 7-ին Բրյուսելում Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը։ Հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լինել անաչառ միջնորդ, քանի որ ինքն է հրահրում բախումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան երեկ Ֆրանսիայի Սենատում ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության երկարաձգման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ ԵՄ առաքելության աշխատանքն արդյունավետ է, քանի որ այն նվազեցրել է սահմանին նոր էսկալացիայի ռիսկերը։