Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ արդեն ողջ չեն եղել». Նորայր Նորիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չեն երեխաների մահվան բուն պատճառը, այսինքն, դեռեւս չկա երեխաների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը»,- այսօր, «Նոյյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժիներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի https://www.aravot.am/2023/01/25/1319300/ հետեւանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների տուժողի լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը: Հիշեցնենք, դեպը տեղի էր ունեցել հունվարի 19-ին https://www.aravot.am/2023/01/19/1318255/:

Փաստաբանը ներկայացրեց ողբերգական դեպքի վերաբերյալ տուժողների եւ իր կարծիքը. «Այս ողբերգությունը ԶՈՒ-ում կադրային սխալ քաղաքականության, ԶՈՒ-ում հայեցակարգային զարգացման եւ ռազմավարական մտածողության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ ֆորմալ ինստիտուտների գոյության, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության, պատասխանատվության, սրտացավության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, ինչպես նաեւ՝ անպատժելիության, խտրականության, սոցիալական անարդարության եւ անտերության հետեւանք է»:

Այս ողբերգությունն, ըստ պաշտպանի, հասարակության համար պետք է դառնա վերջին կաթիլը, որպեսզի ամեն ինչ արվի՝ ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում զոհերի գոյությունը բացառելու համար եւ մեր բանակը դադարի լինել «մահվան բանակ»: Պաշտպանը հայտարարեց, որ զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին՝ վառարանը բենզինով վառելու, որը ողբերգության առաջին օրը առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արված հայտարարություններին եւ մտահոգություն ունեն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը:

«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կա՛մ արդեն ողջ չեն եղել, կամ առնվազն արդեն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհը, ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում: Եթե անկեղծ՝ ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում քննությանն ու պաշտոնական վարկածին, քանի որ, դեպքից հետո, որոշ շրջանակների դրսեւորած հրապարակային, հակասական ու ոչ պրոֆեսիոնալ, հակաօրինական վարքագիծը տվել այդ հիմքերը ծնողներին՝ չհավատալ ու չվստահել դրանց»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Դեպքի օրը ՀՀ կառավարության նիստից փաստաբանը տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության, գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի էր ունենում դատավարություն, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս միաժամանակ մեղադրողի եւ դատավորի դիրքերից՝ ներկայացնելով ինչ-որ վարկած, բացատրելով, թե ինչ է եղել եւ ովքեր պետք է պատասխան տան. մի բան, ինչի սահմանադրա-իրավական հիմքը ՀՀ վարչապետը, կառավարության որեւէ անդամ չունեն: Նա նաեւ հայտարարեց, որ գլխավոր դատախազի ու ՔԿ ղեկավարի պարտավորությունների շրջանակում եւս չկա պարտավորություն՝ որեւէ քրեական վարույթի մասին զեկույցներ ներկայացնել վարչապետին, եւ հորդորեց Աննա Վարդապետյանին եւ Արգիշտի Քյարամյանին՝ որեւէ ձեւով զեկույցներ չներկայացնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին՝ կոպտագույնս խախտելով Սահմանադրությունը եւ ՀՀ օրենքները, կասկածի տակ դնելով քրեական արդարադատությունը, արդարադատության իրականացման գործընթացը:

Կառավարության նիստի ժամանակ առաջ քաշած իր վարկածում Նիկոլ Փաշինյանը խոսեց հակահրդեհային կանոները չպահպանելու մասին. դեպքից երկու օր հետո տեղում լինելով եւ տեղանքին ծանոթանալով՝ փաստաբանը հռետորական հարցադրում ունի՝ իսկ, ընդհանրապես, այդ վայրում որեւէ կանոն գործե՞լ է: Նույն նիստում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել, ինչպես իրեն են զեկուցել, հրդեհային կանոնների խախտման արդյունքում, նաեւ արգելված միջոց է կիրառվել՝ ավտոբենզին, նույնը հաստատել է նաեւ ՔԿ ղեկավարը, նաեւ 7-8  պաշտոնանկություններ են եղել: Նորայր Նորիկյանը իրավական է համարում միայն կորպուսի հրամանատարի պաշտոնանկությունը, մնացած բարձրաստիճան զինվորականների ազատումն աշխատանքից, ըստ նրա, անօրինական էր, ու դա արվել է հանրության զայրույթը մեղմելու համար, բայց դա չի նպաստում գործի բացահայտմանը:

Հաշվի առնելով նախորդ ժամանակաշրջաններում պատժի քաղաքականությունը եւ ՀՀ-ում վարվող արդարադատության որակն ու բնույթը՝ փաստաբանը մտավախություն ունի, որ գործի բոլոր հանգամանքները չեն բացահայտվի, իրական մեղավորները չեն պատժվի, այլ «սլաքավարների» պատիժներով կավարտվի ամեն ինչ, ուստի, թե՛ պաշտպանը, թ՛ե ծնողները՝ հետեւողական են լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ