Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր». «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ջերմուկի քաղաքացիները պատմեցին, որ սեպտեմբերյան պատերազմից հետո քաղաքի տարբեր հատվածներից պարզ երեւում են թշնամու դիրքերը, քաղաքը գտնվում է թշնամու ամբողջական դիտարկման տակ։

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց քաղաքի կենտրոնից տեսանելի է դա։ Սակայն չի կարող նշել, թե քանի դիրք կա, կոնկրետ որտեղ են դրանք տեղակայված: Ամանորն է մոտենում, Ավետիսյանը նշեց, որ մի շարք հյուրանոցներում ամրագրման համար ազատ տեղեր չեն մնացել։ Ինչ վերաբերում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններին, Սյուզաննա Ավետիսյանն ասում է․ «Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր: Մարդիկ սպասում են, թե ադրբեջանցիները երբ պետք է գնան»։

Անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքին, որը նվազել էր սեպտեմբերյան պատերազմից հետո, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ նրանց քանակը շատ քչացել է, եթե համեմատենք նախորդ աշունների հետ: «Երբ որ խոսում էի հյուրանոցների տերերի հետ, նույնիսկ փոքր հյուրանոցներն ունեին ամսով, շաբաթներով ամրագրումներ՝ հոկտեմբերի ու սեպտեմբերի համար, սակայն պատերազմի պատճառով այդ ամրագրումներն ամբողջովին չեղարկվել են, ու այդ հյուրանոցները չեն աշխատել, նույնիսկ փակել են։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ տուրիզմը սպեցիֆիկ է, օրինակ՝ հոկտեմբերի վերջն ու նոյեմբերը, փետրվարից մարտը մեզ մոտ քիչ այցելվող են, բայց հիմա այդ չայցելվող սեզոնային շրջանն ավելի է երկարել, ինչի հետեւանքով աշխատատեղերի հետ կապված խնդիր է առաջացել։ Բնակիչների մեծ մասը սպասարկման ոլորտում է աշխատում, ու այսօր աշխատանք չունեն, որոշ մարդիկ քաղաքից հեռացել են, քանի որ աշխատանք չեն կարողացել գտնել»,-ասաց Ավետիսյանը։

Նա շեշտեց՝ քանի որ կարիքների գնահատում չի արվել, հայտնի չէ, թե ինչքան բնակիչ է վերադարձել քաղաք, ինչքանը՝ դուրս եկել։ Զբաղվածության հարցը չկարողանալով լուծել եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ մարդիկ հեռացել են Ջերմուկից։ Ավետիսյանը շեշտում է, որ խթանող ծրագրեր պետք է կազմակերպել ու իրագործել, փոքր բիզնեսի խթանում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն մնալ Ջերմուկում։

Մեր տեղեկություններով, թշնամին Ջերմուկ քաղաքի ողջ երկարությամբ, տեսանելի հեռավորության վրա տեղակայված է եւ դիրքային ամրացման աշխատանքներ է իրականացնում՝ շինություններ կառուցում, ինչը չէր կարող չազդել առողջարանային քաղաքի զբոսաշրջային պատկերի վրա։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: