Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վանդալիզմ» վանդալիզմի՞ն: Մաս 1

«Բնության մեջ ինձ երկու անսահմանություն (անվերջություն) է հայտնի` Տիեզերքը և մարդկային հիմարությունը, չնայած` առաջինում ես այնքան էլ վստահ չեմ»:

Ալբերտ Այնշթայն

  1. Ինքնաշեն «մարդասպան տրամպլին»: Կառուցումը;

Քանի որ ՀՀ բնության հուշարձան Երևանի Աղի լիճը և՛ հանրային տարածք է, և՛ ոչ ոքինը, Լճի այցելուներից ոմանք, տեսնելով վերջին տարիներին մեր կատարած աշխատանքները, ոգևորվեցին և անձնական տարբեր նպատակներից ելնելով դարձան «նախաձեռնող», անցան ինքնագործունեության;

2019-ի գարնանը Լիճ այցելողներից ջրացատկի մի սիրահար, հեռվից վազելով Լիճը ցատկելու համար, Լճի արևմտյան ափին, կառուցել էր վտանգավոր հարթակ` մոտ մեկ մետր երկարությամբ ու մոտ 30 սմ լայնությամբ, որից, իրենից բացի օգտվում էին, նաև արկածասեր բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ: 2020-ի գարնանը նա իր ինքնաշեն կառույցը երկարեցրեց ու ավելի մոտեցրեց Լճին։ Ամառային շոգ օրերին, զվարճամոլ պատանիներն ու երիտասարդները, արհամարհելով վախն ու վտանգը, տարերքի մեջ, միմյանց հերթ չտալով, ամբողջ օրը վազում ու աղաղակելով ցատկում էին Լիճը։ Մյուս այցելուներն էլ դիտում ու հիանում էին ձրի ու զվարճալի, աղմկոտ տեսարանով։ Շատ քչերն էին զգուշացնում, ակնհայտ վտանգի մասին, ոմանք էլ պարզապես դժգոհում էին վերջ չունեցող բարձր աղմուկից: Թե 2019-2020 թթ.  քանիսը վնասվածքներ ստացան և քանի անգամ Շտապօգնության մեքենա եկավ արկածախնդիրներին օգնություն ցույց տալու համար, դժվար է ասել; Անչափահասներն, ուզում էին մրցել մյուս ընկերների հետ, իսկ որոշ չափահասներ էլ ալկոհոլի ազդեցության տակ էին ուզում իրենց ցուցադրել։ Ոմանք ջարդուփշուր էին լինում: Առնվազն այդպիսի երեք դեպքի ես եմ ականատես եղել, երկու դեպքի համար էլ՝ հաճախ Լիճ այցելող ԱԻՆ-ի երկու աշխատակիցներ էին Շտապօգնություն կանչել:  Անտեր տարածք, ակնհայտ վտանգ… և անզորության զգացում: Նման դեպքերում  փորձանքը հնարավորինս շուտ կանխելու համար չգիտես ու՞մ դիմել։

  1. Տրամպլինի քանդման գործընթացը

Ինքնաշեն, վտանգավոր տրամպլինը թողնելու կամ քանդելու խնդրով 2020-ի հուլիսի 3-ին նամակով դիմեցի ԱԻՆ-ի նախարար Ֆ. Ցոլակյանին։ Մեկ շաբաթ չանցած, Լիճ այցելած ԱԻՆ-ի աշխատակիցը լուսանկարեց ինքնաշեն տրամպլինը, հարցեր տվեց խելակորույս մոլուցքով Լիճը ցատկող պատանիներին…

– Մենք ամեն ինչ կանենք, որ այս տրամպլինը քանդվի, – իրենց գործընկերոջ հեռանալուց հետո, ինձ հորդորեցին Լճի մշտական այցելու ԱԻՆ-ի այն երկու աշխատակիցները;

Տրամպլինը քանդելու որոշման առաջին բարի լուրն, հեռախոսազանգով, ինձ տեղեկացրեց Էրեբունու վարչական շրջանի համապատասխան բաժնի վարիչը: Մի քանի օր անց ինձ հասցեագրված քաղաքապետարանի 2020-ի հուլիսի 31-ի թիվ 16/Խ-2227 նամակում Աղի լճի հետ կապված իմ մի քանի առաջարկներին, հիմնականում դրական որոշումների թվում էր նաև ինքնաշեն տրամպլինի հեռացումը. «Միջոցներ են ձեռնարկվում նաև լճի հարևանությամբ կառուցված ցատկահարթակներն ապամոնտաժելու ուղղությամբ», -մասնավորապես ասվում էր քաղաքապետարանի համապատասխան վարչության կազմած պատասխան նամակում:

Օգոստոսի 3-ին ԱԻՆ-ից էլեկտրոնային փոստով ինձ ուղարկած նամակում տեղեկացվում էր, որ մեկ շաբաթվա ընթացքում Աղի լճի վտանգավոր, ինքնաշեն տրամպլինը պետք է քանդվի։ Այսինքն, մինչև օգոստոսի 10-ը տրամպլինը պետք է ապամոնտաժված լիներ: Ցավոք, դա ուշացավ; Այն անմիջապես քանդվեց 22 տարեկան երիտասարդի զոհվելու հաջորդ օրը` օգոստոսի 19-ին առավոտյան:  Երիտասարդի զոհվելու օրը` օգոստոսի 18-ին, Լիճ չէի գնացել և կատարված ողբերգության մասին չգիտեի: Այդ մասին այնտեղ ոչ ոք չէր խոսում: Քանի որ Լճի այցելուները տարբեր ժամերի են այնտեղ լինում, այսպես ասած «հերթափոխները» միմյանց չեն հանդիպում, իրար չեն ճանաչում և կատարված արտակարգ դեպքի մասին շատ անգամ լրատվամիջոցների հաղորդումներից են իմանում:

Երբ օգոստոսի 19-ին, կեսօրին Լճում լողացող մի անծանոթ կին ասաց.  «Այսօր տրամպլինից ընկած այն տղայի հոգեհանգիստն է», դեպքին անտեղյակ, մտածեցի ինչ որ բան շփոթում է, հարցեր չտվի: Դրանում համոզվեցի մոտ 10 օր անց, Աղի լիճ այցելած Էրեբունու ոստիկանության բարձրաստիճան ծառայողներից մեկի հետ պատահական, կարճ խոսակցությունից հետո.

Ափսոս էր, 22 տարեկան տղա էր …այդ պատճառով ուզում էին Լիճը «փակել», լողալն արգելել; Մենք խնդրեցինք, հորդորեցինք… ասացինք, կհետևենք, որ նորից չկառուցեն…

Իրոք, տրամպլինը քանդելուց հետո, մեկ ամիս, գրեթե ամեն օր, տարբեր ժամերի, Էրեբունու իրավապահները, գալիս մեքենայով կանգնում էին քանդած տրամպլինի տեղամասում, մեքենայից իջնում, համոզվում էին, որ նորից չեն կառուցում ու հետ գնում։ Հենց քանդման օրը, այն մասնակի վերակառուցելու փորձեր եղան…

Այդ զոհը կարող էր և չլինել։ Եթե, եթե

Եթե քրեական գործ հարուցվեր, որոշ մարդիկ իրենց ինքնագործունեության համար պատասխան կտային, այդ թվում նաև տրամպլին կառուցողին խրախուսողները, նրան ցեմենտ ու ավազ մատակարարող ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրաճանաչ քանդակագործը…: Կիմանային, ով էր զոհված երիտասարդը, ինչու՞ քանդեցին իրենց ինքնաշենը և երկու տարի անց, այս տարվա հունիսի 3-ին, ճանաչված արվեստագետի գլխավորությամբ, խմբով ինձ վրա չէին հարձակվի, իբր բացի իմ աշխատանքներից, ուրիշների գործերը չեմ ընդունում, ծանր տեխնիկա եմ տարել ու իրենց ճարտարապետական գլուխգործոց, մշակութային, մարզական կարևոր կառույց ու մանկական վտանգավոր զվարճալիք Լճի տրամպլինը քանդել, տարել թափել եմ Սարի թաղի «լանջերից հոսող, լանջերին փռված» աղբանոցը… Զբաղվել եմ  վ ա ն դ ա լ ի զ մ ո վ  …

Այնինչ «մարդասպան տրամպլինի» կառուցողը և նրան հովանավորողը «բանին անտեղյակ ու ցավին անտարբեր»  ռաջվա պես, ամեն օր գնում են Լիճ, մեկն իր 10 նորմատիվ թռիչքն է կատարում լճի մյուս ափից, մյուսները գոհ ու երջանիկ խրախուսում են նոր հայտնված ինքնագործներին (տես` մաս 2);

Մարդկային կյանք խլած ինքնաշեն տրամպլինը վտանգավոր լինելուց բացի, իր տեսքով, չափերով, կառուցվածքով չէր համապատասխանում այդ փոքրիկ, գողտրիկ Լճին նաև փչացնում էր բնապատկերը:  Նրա հեռացումից հետո շատ շատերը հանգիստ շունչ քաշեցին, հատկապես մեծահասակ կանայք… և բոլոր նրանք, ովքեր տեսնելով դրա վտանգավորությունն ու ավելորդությունը, չէին համարձակվում որևէ խոսք ասել: Բայց ու՞ մ…

  1. Եզրահանգում կամ վերջաբան

Իսկ ի՞ նչ կլիներ, եթե ինքնաշեն տրամպլինի հարցով ոչ ոքի չդիմեինք… Հավանաբար դժբախտ պատահարներից հետո, յուրաքանչյուր պետական կառույց կկատարեր իր ծառայական պարտականություններն ու կվերադառնար իր աշխատատեղ, իսկ վնասվածքներ ստացածների ու զոհվածների թիվը տարեց տարի կհամալրվեր:

***

Մոռացության տալով 2020-ի օգոստոսի 18-ին Աղի լճում կատարվածը և արհամարհելով իմ բազմաթիվ զգուշացումները, մի քանի արկածասերներ շարունակում են հեռվից վազելով, մարդկանց գլխավերևով լիճը ցատկել, վտանգելով և՛ իրենց, և՛ ներքևում` աստիճաններին նստածների ու լճում գտնվողների կյանքը: Կասկած չունեմ, այսպես շարունակվելու դեպքում, մի օր, դարձյալ ողբերգություն է կատարվելու, եթե առանց ուշացման, ինչպես 2020-օգօստոսին եղավ, այս հարցով նույնպես խելամիտ որոշում չկայացվի ու արգելք չդրվի Աղի լճում տասնամյակներ շարունակվող ամենաթողությանն ու քաոսին. մշակվի կանոնակարգ, նշանակվի Լճի տարածքի մշտական, հաստիքային հսկիչ, ծառայող և հաստատվի կարգ ու կանոն…

***

Մի քանի տարի փոքր խմբով աննկարագրելի ջանքեր գործադրեցինք, որպեսզի Աղի լիճը վերածվի, բոլորի համար անվտանգ, հաճելի ու հարմարավետ մայրաքաղաքային հանգստի գոտու: Եվ արդյունքը չուշացավ…2022-ի հունիսի 2-ին Աղի լճի պատմության ընթացքում աննախադեպ այցելություն: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցչուհիներից մեկը Լրագիր.ամ-ի հրապարակումներից տեղեկանալով, որ Աղի լիճը նաև Մանկական լողափ ունի, նախաձեռնել էր դպրոցի երեք ցածր դասարանի սաների այցը Աղի լիճ: Մի քանի տասնյակ աշակերտ եկան ու տեղավորվեցին 2020-ին քանդած տրամպլինին հարակից Մանկական լողափում: Ի՞նչ տեղի կունենար, եթե այն ինքնաշեն տրամպլինը տեղում լիներ և նախկին մոլագարները նրա վրայով շարունակեին միմյանց հերթ չտալով ու վայրենի գոռոցներով ցատկեին ներքև` Լիճ այցելած տասնյակ երեխաների մեջ։

Արտյուշ  Խանջյան

Աղի լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման աշխատանքների նախաձեռնող և իրականացնող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական  պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, գրքերի ու եռալեզու սկավառակների հեղինակ

[email protected]