Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վիրտուոզ դաշնակահարը 6-7 անգամ «բիս» նվագեց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանում երկու օր հնարավոր եղավ վայելելու աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուեւի անկրկնելի կատարումները՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Փետրվարի 1-ին երաժիշտը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), իսկ փետրվարի 2-ին մենահամերգով։ Առաջին օրվա համերգի ծրագրում էին Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը եւ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, իսկ փետրվարի 2-ի մենահամերգի ծրագրում՝ Չայկովսկի էր, Ռախմանինով, Մուսորսգի։

Աշխարհի ամենահայտնի բեմերում ելույթներ ունեցած, հնչեղ անուններով դիրիժորների հետ համագործակցող, հանրահայտ երաժշտական փառատոների ու տոնահանդեսների սպասված հյուր Մացուեւը, ի թիվս այլնի, մենահամերգներով հանդես է եկել Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Ամստերդամի «Կոնսերգեբաու», Ցյուրիխի «Թոնհալե», Համբուրգի «Էլբֆիլհարմոնիա», Ժնեւի «Վիկտորիա», Լայպցիգի «Գեւանդհաուզ» եւ այլ համերգասրահներում։ Անվանի դաշնակահարը նորարարությունը համադրում է ռուսական դաշնամուրային դպրոցի ավանդույթների հետ, դասականը մեկնաբանում միայն իրեն բնորոշ՝ Մացուեւյան ոճով։

Երեւանյան համերգները եւս անցան լեփլեցուն դահլիճում, որովհետեւ Մացուեւ համերգները սպասված էին եւ տեւական բանակցված, որ նրա այցը կայանա՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի (գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր՝ Ստեփան Ռոստոմյան) նախաձեռնությամբ։

Պետք է նաեւ փաստել, որ հատընտիր ունկնդիր էր հավաքվել, ասես բոլորը միաժամանակ էին շնչում ու արտաշնչում, որպեսզի կարողանան որսալ աննկարագրելի երաժշտության ամեն մի հնչյունը։ Ի դեպ, դափնիների ու ճանաչման պակաս չունեցող դաշնակահարն այնքան էր հավանել հայաստանցի ունկնդրին, որ 6 թե 7 անգամ «բիս» նվագեց իր մենահամերգի ժամանակ։

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակելով իր եւ Դենիս Մացուեւի լուսանկարը՝ գրել է ․ «Մեծ պատիվ է «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային փառատոնի շրջանակում հյուրընկալել Դենիս Մացուեւին։ Չընդհատվող ծափահարություններով լի այս համերգը դեռ երկար կմնա հայ հանդիսատեսի սրտերում»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը՝ Ֆեյսբուքի իր էջից։