Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանում հրապարակվել է Կարասին-Աբաշիձե զրույցի ձայնագրությունը, որում դիվանագետները խոսում են նաև Հայաստանի մասին. «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վրացական ընդդիմությունը կրկին վրդովված է։ Չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Վրաստանի կառավարությունը շարունակում է ակտիվորեն համագործակցել Մոսկվայի հետ։

Որպես դրա ապացույց Youtube-ում գործող վրացական ընդդիմադիր ալիքներից մեկը երեկ երեկոյան հրապարակել է Վրաստանի հետ հարաբերությունների գծով ռուսաստանցի բանագնաց, Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի՝ 2022-թվականի հունիսին կայացած հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Զրույցի նախաձեռնողը Կարասինն է, որն իր վրացի գործընկերոջն է զանգահարում, որպեսզի տեղեկացնի՝ Մոսկվայում պատրաստվում են երկու երկրները կապող նոր ճանապարհ կառուցել։

«Մեր տրանսպորտի նախարարությունում ակնարկեցին, որ մեր երկու երկրները կապող նոր միջանցքի կառուցման հեռանկարային ծրագիր ունեն։ Այն պետք է Կրանսոդարի երկրամասից անցնի Վրաստան՝ դեպի պայմանականորեն Հարավային Օսիայից ձախ ընկած հատված», – բացատրում է Կարասինը։

Զուրաբ Աբաշիձեն, սակայն հակադարձում է՝ ասելով, որ խոսքը ոչ թե նոր նախագծի, այլ արդեն իսկ կառուցվող մայրուղու մասին է, որը, ըստ վրաց դիվանագետի, պետք է խոշոր՝ մինչև 9 կիլոմետր երկարությամբ թունելներից բաղկացած լինի և ընթանա արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ։ Դա, ըստ Աբաշիձեի, հնարավորություն կտա տարանջատել մարդատար և բեռնատար տրանսպորտային հոսքերը։

Գաղտնազերծված խոսակցությանը մի մասը, ի դեպ, նվիրված է Հայաստանին, մասնավորաբար այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանը խիստ շահագրգռված է նոր ճանապարհի կառուցմամբ և Վերին Լարսի անցակետի թողունակության աճով։

«Նույնիսկ Փաշինյանն էր իր նախարարին ուղարկել սահման, նա այնտեղ իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ էր հանդիպել», – ասում է Աբաշիձեն, ինչին ի պատասխան Կարասինը հաստատում է. – «Այո, հայերը այս նախագծում ևս ակտիվորեն մասնակցում են։ Նրանք էլ են շահագրգռված»։

Խոսակցության այս մի դրվագը ևս գալիս է հաստատելու, որ Աբաշիձեի և Կարասինի հեռախոսազրույցը կայացել է նախորդ տարվա ամռանը, քանի որ հենց հունիսի 11-ին էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել էր Վերին Լարսի անցակետ՝ տեղում հանդիպելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին։

Աբաշիձեի և Կարասինի հեռախոսազրույցի ևս մեկ ուշագրավ կողմը համատեղ ռուս-վրացական ծրագրերի, նաև դրանցում Հայաստանի ներգրավվածության մասին ավելորդ անգամ չբարձրաձայնելու ցանկությունն է։ Պատճառներից մեկը, դատելով Գրիգորի Կարասինի խոսքի կոնտեքստից, ադրբեջանցիներին չնյարդայնացնելն է։

«Ես որևէ տեղեկատվություն չեմ հրապարակում, առավել ևս, որ հենց նոր կայացավ ռուս-ադրբեջանական խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որի անդամներից մեկը ես եմ։ Վաղը Լավրովը մեկնում է Իրան, դրանից հետ էլ Բաքու», – հավելում է Կարասինը՝ կարծես հասկացնելով, որ համատեղ տրանսպորտային ծրագրերի մասին հրապարակային քննարկումները Ռուսաստանի ԱԳ նախարարի Ադրբեջան կատարելիք այցից առաջ այնքան էլ ցանկալի չեն։

Զուրաբ Աբաշիձեն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ համաձայն էր։ Վրաց դիվանագետի հիմնական մտահոգությունը, սակայն, ըստ երևույթին, ներքին լսարանի արձագանքն է։ «Անկեղծ ասած, եթե հիմա մենք սկսենք խոսել, որ ինչ-որ տեղ մի նոր նախագիծ ենք սկսում իրականացնել, կարծում եմ, ճիշտ ժամանակն ընտրված չի լինի», – նշում է Աբաշիձեն, ինչին ի պատասխան Կարասինն արձագանքում է. – «Այո, դա այդքան էլ ադեկվատ քայլ չի լինի»։

Չի բացառվում, սակայն, որ արդեն մոտ ապագայում Զուրաբ Աբաշիձեն այս հեռախոսազրույցի առթիվ ստիպված լինի բացատրություններ տալ Վրաստանի խորհրդարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: