Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել Մալենային

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել Մալենային

Դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող 15-ամյա Մալենային (Արփինե Մարտոյանին):

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են՝ նոյեմբերի 18-20-ը Մալենան միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հասարակական խորհրդի մեկնարկին:

Խորհրդի երիտասարդ անդամների հետ միասին նա մասնակցել է մի շարք դասընթացների՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, երեխայի իրավունքների խնդիրների ուսումնասիրությանը, հոգեկան առողջությանը, համոզիչ հաղորդակցությանը և ծանոթացել այն խնդիրներին, որոնց Հայաստանում առնչվում են երեխաներն ու երիտասարդները:

«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, ովքեր այնքա՜ն բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, ովքեր իրենց առօրյա դասերի հետ համատեղ կարողացել են թիմ կազմել, վերհանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքային կյանքը», - նշել է Մալենան ու շարունակել. «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում: