Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը և ումից պետք է սկսել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել ու դադարեցնել ֆիզիկական ու իրավաբանական անձանց 10-ը միլիարդ դրամ տրամադրելու գործընթացը:

Facebook-ի իր էջում նա օրեր առաջ մասնավորապես գրել է. «Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմից հետո պետական բյուջեի միջոցներից ավելի քան 10 մլրդ դրամի փոխառություն է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Հիմնադրամի նշված գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ ՝ միևնույն ժամանակ ժամանակավորապես դադարեցնելով փոխառությունների տրամադրումը»։

Փաշինյանի կաբինետում կարճ ժամանակ սոցապնախարար աշխատած Առաքելյանը, իհարկե, վատ բան չի առաջարկում, բայց 10 մլրդ դրամների տրամադրման արդարացված-չարդարացված լինելու հանգամանքի ուսումնասիրությունը նախ պետք է սեփական թիմից սկսել, օրինակ՝ Վարդանյանի թիմում ներգրավված, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանից, որը նույնպես 10 մլրդ դրամից վստահաբար աջակցություն է ստացել գուցե ոչ ուղիղ, այլ փոխկապակցված անձանց կամ ընկերությունների միջոցով:

Հարկ է ուսումնասիրությունն ու հանգամանքների պարզաբանումը նախ սեփական թիմից սկսել, ապա նոր միայն այդ մասին վերամբարձ հայտարարություններ կամ գրառումներ անել: Մենք հետևողական կսպասենք Ռուբեն Վարդանյանի բացահայտմանը՝ ամենահաջող կադր համարվող Արման Հակոբջանյանի ունեցվածքի հետքերով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում