Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը և պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը:

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են: Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։