Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ժողովրդին նոր փորձանքի մի տար. Փաշինյան. ՀՀ եւ Նախիջեւանի միջեւ սահմանը «Ադրբեջանի» սահման չէ

Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ ՀՀ հարավ-արեւմտյան /1/ սահմանը ոչ թե ԽՍՀՄ հանրապետությունների ադմիստրատիվ սահման է, այլ 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերով որոշված բաժանիչ գիծ: Պաշտոնական Երեւանի եւ Բաքվի սուվերենությունների տարածքային սահմանազատումը ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանագծերով, ինչի մասին խոսում է ՀՀ վարչապետ Փաշինյանը, իրավազոր է միայն ՀՀ արեւելյան /2/ սահմանի բաժնով, այն էլ վճռորոշ մի քանի վերապահումով

Որոնք են ՀՀ արեւելյան սահմանին վերաբերող վերապահումները: Առաջին վերապահումն է /2-ա/ Հայաստանի տարածքից ներս (անկլավներ) եւ դուրս հայտնված հատվածներով Հայաստանի հարավ-հյուսիս կապուղիների անընդհատությունը բնակչության էթնիկ կազմի հայտանիշով խզելու հանգամանքը: Այստեղ առանցքայինը «էթնիկ» որոշիչն է: Այդ որոշիչը Բաքուն պնդում է Հայաստանի վերաբերյալ, բայց անտեսում է Արցախում:

Արեւելյան սահմանի սահմանազատման համար կա եւս մեկ վերապահում.  խոսքը նույնիսկ Մոսկվա/Կարսի պայմանագրերի՝ Բաքվի իրավասության սահմանների մասին գաղտնի արձանագրությունների (Տարասով, Նադեին-Ռայեվսկի, Ալիեւ) մասին չէ, այլ /2-բ/ԽՍՀՄ կազմալուծմանը նախորդած Միության՝ գործողության մեջ մտած օրենսդրական ակտերով առաջնորդվող սուբյեկտության տարբեր մակարդակներում գտնվող խորհրդային միավորների ընդունած որոշումների մասին: Այլ կերպ ասած, Ադրբեջանական ԽՍՀ՝ ԽՍՀՄ-ից եւ իր հերթին ԼՂԻՄ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու խորհրդային իրավական ակտերի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը լքել է ԽՍՀՄ առանց Արցախի, հետեւապես, ունեցել է ադմինիստրատիվ խորհրդայինից տարբեր սահմաններ: Նկատի առնելով մարզի ժողովրդի կամարտահայտությունը եւ 1989 թվականի հայտնի օրենսդրական ակտը, ՀՀ արեւելյան սահմանը գտնվում է Բաքվի տարածքի խորքում:

Սահմանի որոշման եւս մեկ հանգամանք է /2.գ/ ԵԱԽԿ ՄԽ մանդատի շրջանակում ԼՂ կարգավիճակի որոշման հրամայականը: Իսկ ապագա կարգավիճակի, անկախ դրա բովանդակությունից, անբաժանելի մաս է ՀՀ եւ ԼՂ ցամաքային կապը ապահովող էքստերիտորիալ, այսինքն Բաքվի իրավասությանը չվերաբերող ճանապարհը՝ անվտանգության իր որոշակի լայնությամբ: Բնականաբար, նման ճանապարհը ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումից տարբեր սահմանային նոր իրավիճակ է առաջացնում ՀՀ եւ Բաքվի միջեւ ոչ միայն նախկին ԼՂԻՄ սահմանների երկայնքով, այլեւ Գորիս-Բերձոր հատվածում:

Ինչպես տեսնում ենք, ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումը կարող է հիմք հանդիսանալ Բաքվի զինվորականներին 2020-ի մայիս 12-ի ելման դիրք տեղափոխելու համար միայն: Ոչ ավել: Սահմանազատումը բոլորովին այլ բան է: Ավելի բարդ է այն կատարել Նախիջեւանի հետ, նկատի առնելով Մոսկվայի/Կարսի պայմանագրի ներկա ստատուսի մեղմ ասած ոչ միանշանակ լինելը: Եւս մեկ խնդիր է դեռեւս ԽՍՀՄ գոյության շրջանում Նախիջեւանի՝ իբրեւ Բաքվի ընդամենը պրոտեկտորատի տակ գտնվելու կարգավիճակի կոպիտ խախտումը: Ժամանակին այդ խախտման դեմ Մոսկվա բողոքներ է հղել նույնիսկ Թուրքիայի Հանրապետությունը: Բողոքների բովանդակությունը հետեւյալն էր. Նախիջեւանի ինքնավարությունը Ադրբեջանական ԽՍՀ մաս չէ, այնտեղ չեն կարող տեղակայվել խորհրդային 7-րդ բանակի զորամասեր: Խորհրդային Հայաստանի առարկությունը նույնը պիտի լիներ՝ հավելած հայկական ինքնավարության իրավունքների ոտնահարումը:

Այժմ հրատապ է Նախիջեւանի ինքնավարության իրավունքների վերականգնումը եւ Բաքվի զորաբանակի դուրսբերումը մարզից: ՀՀ տարածքի կեսի հանդեպ օրինական որեւէ հիմք չունեցող տարածքային պահանջներին պիտի հակադրվի Մոսկվա/Կարսի պայմանագրի պահանջների կատարումը: Նշենք, որ Շուշիի դեկլարացիայի ստորագրման ժամանակ Բաքվի ռեժիմի պարագլուխը հղում կատարեց հենց Կարսի պայմանագրին: Սաղ օլ օղլում:

Ինչպես համոզվում ենք՝ նույնիսկ այս դեպքում ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումը Երեւանի եւ Բաքվի միջեւ սուվերենության տարածքային սահմանազատման ուղեցույց չէ: Նախիջեւանը Ադրբեջան չէ: ՀՀ հարավ-արեւմտյան սահմանին Բաքվի զինվորականներ առհասարակ չպիտի լինեն, իսկ մարզը պետք է վերադառնա հայկական ինքնավարության հիմունքներին՝ տեղի ռազմականացված կառուցվածքների համապատասխան վերակազմավորմամբ եւ հարյուր հազարավոր հայ բնակչության վերադարձով:

Խոսվում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին: Պետք է անշուշտ: ՀՀ եւ Թուրքիայի սահմանը որոշվում է Մոսկվայի/Կարսի պայմանագրերով: Պայմանագիրը չի կարող գործել մի հատվածում (Կարս-Արարատ) եւ չգործել մյուսում (Նախիջեւան): Եթե առհասարկ ժամկետանց է եւ չի գործում, ապա ի՞նչ է անում Կարսը Թուրքիայի կազմում: Ի՞նչ է անում Արարատը Թուրքիայում: Անկարան պետք է կարգավորի Բաթումի խնդիրը Վրաստանի հետ, իսկ մինչ այդ, ժամ առաջ վերադարձնի Արարատ լեռան շրջանը Հայաստանի Հանրապետությանը: Լեռը օտարվել էր Հայաստանից Թուրքիայի օգտին՝ Բաթումը Վրաստանին փոխանցելու դիմաց:

Ոմանք կառարկեն, թե կա նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ը: Նոյեմբերի 9-ը պետք է կանգնեցվի Ուկրաինայում վարվող ռազմական գործողությունների եւ սուվերեն պետությունների տարածքների իրավական կարգավիճակը փոփոխելու ռուսաստանյան ջանքերի հետ մեկ շարքում: Բացի այդ, հայտարարության կողմերից մեկը՝ Ռուսաստանը ձեռնպահ է հայտարարության դրույթները ապահովելու իր հանձնառությունից: Չի ուզում, թե չի կարող՝ իր խնդիրն է: Նոյեմբեր 9-ը, իր իսկ, Փաշինյանի բնորոշմամբ, թղթի կտոր է՝ գործում են միջազգային պայմանագրերը:

Այս նյութի ձեւակերպումները, ցավոք, գտնվում են իշխող խմբի անդամների գիտելիքի եւ մտահորիզոնի շրջանակից բացահայտ դուրս: Սա՝ 4 տարվա ընթացքին, ցավոք, հազարավոր զոհերի գնով ապացուցված պնդում է: Այդուհանդերձ, իշխող խումբը Հայաստանի բնակչության առջեւ բացում է նոր արհավիրքների, նոր պատերազմի ու նոր զոհերի դուռը: Սահմանների խնդիրը միայն պատկանելության հարց չէ: Առաջին հերթին դա պաշտպանության եւ ընդհանուր անվտանգության հարց է, որ ծառանալու է հայ ժողովրդի շահերի կոպտագույն ոտնահարմամբ կնքված պայմանագրի հաջորդ իսկ օրը:

ԱԺ ՔՊ ֆրակցիայի անդամ Վահագն Ալեքսանյանը հաճախ է անդրադառնում ՀՀ միջազգային կացությանը

Վարչապետ Փաշինյանը մոռանում է, որ սուվերենության, անշուշտ՝ ոչ «սուվերեն», ինչպես անընդհատ կրկնում են ՔՊ գործիչները, տարածքը բացի մակերեսից ունի երկայնական, այսինքն սահմանային դրսեւորում: Բացի այդ, հարակից տարածքները ղեկավարվում են միջազգային-իրավական էապես տարբեր ռեժիմներով: Սա ԽՍՀՄ կազմավորման եւ կազմալուծման յուրահատկությունն է, երբ Միության մեջ երկու հարեւանների սահմանները որոշվել են միջպետական պայմանագրերի միջոցով, այն էլ երրորդ կողմերի մասնակցությամբ: Հենց այն ԽՍՀՄ-ի, որին սիրում է հղել վարչաապետ Փաշինյանը: 29.8 թիվը խնդրի իրավական ֆակտուրան բոլորովին չարտացոլող, պոպուլիստական հերթական խաբկանք է՝ աղետալի հետեւանքների հանդեպ անպատասխանատվության տխրեցնող մակարդակով:

2021 մայիս 12-ի եւ 2022 սեպտեմբեր 13-ի ՀՀ դեմ Բաքվի ագրեսիայի գործած ակտերը շատ թանկ պիտի նստեն աբշերոնյան ռեժիմի, նաեւ Թուրքիայի վրա: Սակայն այդ թանկ վճարը Հայաստանի կողմից ընդունող պիտի լինի: Ոչ ներկաները, ոչ էլ, դատելով նախագահներ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հայտարարություններից, նախկինները այդ վճարը «ընդունելու» ընդունակ չեն: Առնվազն պիտի շտապ վերականգնվի ՀՀ Արտաքին գործոց նախարարությունը: Միջազգային ասպարեզի իրավագետների կուռ կորիզ պիտի գործարկվի: Իրավական եւ դիվանագիտական հսկայական աշխատանք պիտի կատարվի աղետից խուսափելու համար: Կանխավ նշենք, որ ստատուս քվոն իբրեւ հիմք ընդունելու միտումը եւս աղետաբեր է, քանի որ Հայկական ԽՍՀ սահմանները Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից 1921-ին գծվել են Հայաստանի անկենսունակության պայմանով: Նշենք նաեւ, որ Հայաստանի սահմանների շուրջ համաձայնությունը կայացել է դեռեւս 1919-ի գարնանը:

Պայքարը անվերապահ շարունակելու գոնե դեկլարատիվ հայտով հանդես է եկել նախագահներից միայն Սերժ Սարգսյանը: Դեկլարացիաները բավարար չեն, մանավանդ եթե նկատի առնենք անցյալի հետ կապված «ծանրացուցիչ» հանգամանքները, թող ներվի քրեական վարույթին հատուկ այս տերմինը: Իրենց խոսքը /1-2/ խնդիրների բարդ կծիկի շուրջ խոր ընդհատակում են պահում նաեւ արտախորհրդարանական քաղաքական միավորները, մինչդեռ խոսվում էր ստվերային կաբինետի մասին անգամ: Եթե Նիկոլ Փաշինյանին դիմում էինք ուր է կամքը հարցով, ապա այս շրջանակին հարցնում ենք, ուր է կաբինետը եւ նրա դիրքորոշումը: Ժամանակը սուղ է, իսկ իրադրությունը, որքան էլ տարօրինակ հնչի՝ բարենպաստ: Հանրությունն էլ հասունացել է առարկայական կողմնորոշման համար:

Ezerk.am
Պավել Դալլաքյան

Թուրքիան 1926 թվականից բողոքում էր Նախիջեւանի՝ Ադրբ ԽՍՀ դրոշի տակ հանդես գալու դեմ:

1926 թվականի ապրիլի 18-ին ընդունված Նախիջեւանի ԽՍՀ առաջին Սահմանադրության (Հիմնական օրենքի) 61-րդ հոդվածում սահմանվել է, որ «Նախիջեւանի Սոցիալիստական ​​Խորհրդային Հանրապետությունը օգտագործում է Ադրբեջանի Սոցիալիստական ​​Խորհրդային Հանրապետության զինանշանն ու դրոշը»։

Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության Սահմանադրության 112-րդ հոդվածը, որն ընդունվել է 1937 թվականի սեպտեմբերի 18-ին Նախիջևանի ՀԽՍՀ Սովետների արտահերթ տասներորդ համագումարի կողմից, պարունակում էր հետևյալ նկարագրությունը.

«Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության պետական ​​դրոշը Ադրբեջանական ԽՍՀ պետական ​​դրոշն է՝ կազմված կարմիր կտորից, որի ձախ անկյունում, վերևի գավազանի մոտ, ոսկեգույն մուրճն ու մանգաղն է և մակագրությունը. ադրբեջաներեն և հայերեն «AzSSR» լեզուներով՝ «AzSSR» մակագրության տակ ավելի փոքր տառերով «Նախիջևանի ԻՍՍՀ» ադրբեջաներեն և հայերեն մակագրությամբ լրացմամբ»: