«Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական ու ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը», - Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, նաև քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։
«Ակնհայտորեն, մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է։ Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է իրականում անում պետությունը, ի՞նչ է իրականում անում իշխանությունը զսպելու, կանխելու կամ հնարավոր գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի մռթին հասցնելու համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով, այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է Արցախի ու Հայաստանի շուրջ, ցավոք, դրական կամ լավատեսական մտքեր արտահայատելու հնարավորություն չի ստեղծում։
«Կարևոր եմ համարում սա այս ամբիոնից հնչեցնելու և հույս ունենալու, որ մենք հաջորդ նիստերում չենք անդրադառնա մարդկային նոր կորուստներին, Հայաստանի ու Արցախի տարածքային նոր կորուստներին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։