ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
Առաջիկա օրերին ԱՄՆ-ը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայի՝ ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքներում «հանրաքվեների» անցկացման հետ։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մեծ յոթնյակի առաջնորդները հաստատեցին, որ կլինեն հետևանքներ, մասնավորապես լրացուցիչ ուժեղացված պատժամիջոցներ, ներառյալ պատժամիջոցները Ռուսաստանից դուրս գտնվող կազմակերպությունների և ընկերությունների դեմ, որոնք աջակցում են հանրաքվեներին», – ասել է Սալիվանը: «Մոտ օրերս ԱՄՆ-ը հանդես կգա հայտարարություններով: Դա միայն կկրկնապատկի մեր ջանքերը՝ Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա տրամադրելու համար»:
Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ իշխանությունները կշարունակեն նպաստել ՆԱՏՕ-ի այլ երկրներում մնացած խորհրդային ժամանակաշրջանի տանկերի, ինչպես նաև այլ զինատեսակների մատակարարմանը Ուկրաինային։