Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Ս.Դ.Հ.Կ 22-րդ համագումարին որպես հյուր ներկա էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ողջույնի իր խոսքում նշեց, որ իրենց ու Հնչակյան կուսակցության կապերը հին արմատներ ունեն եւ որ Ս.Դ.Հ.Կ.-ն անցել է երկար ճանապարհ, լուրջ քաղաքական կենսագրություն ունի եւ միշտ եղել է որպես համախմբող պետականության կողքին:
Անդրադառնալով ընդդիմությանը՝ Արամ Սարգսյանը, որը արտախորհրդարանական որոշակի ուժերի ղեկավարների հետ պարբերաբար հանդիպում է վարչապետին ու հարցեր քննարկում, ասաց․ «Ընդդիմություն ասածը միայն նրանք չեն, ովքեր պահանջում են իշխանության հրաժարականը: Ընդդիմությունը նաեւ մենք ենք, որ օրեր առաջ միասին հանդիպեցինք վարչապետին եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու մեկ տասնյակից ավելի առաջարկներ ներկայացրինք: Ուրիշ խնդիր է, որ մեր առաջարկները ընդունվել են կամ որոշ մասով չեն ընդունվել: Դժբախտաբար, ժամանակը ցույց է տալիս, որ ինչ առաջարկում ենք, ճիշտ ենք, եւ իշխանությունն էլ կամաց-կամաց սկսում է համոզվել դրանցում: Բայց անգամ մեր չընդունված առաջարկների համար չենք նեղացել, չենք հրաժարվել այդ հանդիպումներից, փողոց դուրս չենք եկել, միտինգ չենք արել:
Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը նրանք են, որոնք այս ծանր իրավիճակներում պնդում են իրենց ասածը կամ միտինգներ են անում: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը նրանք են, որոնք այս ծանր իրավիճակում ելքեր են փնտրում, փորձում են առաջարկել իշխանություններին, փորձում են այդ ելքերի ճանապարհի շրջանակները կամաց-կամաց մոտեցնել իրական լուծման ճանապարհին եւ փորձել լուծել»։
Aravot.am-ը վերջում Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում հայաստանյան իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունը, որ ըստ էության արտաքին քաղաքական բառապաշարից հանել են «Արցախի ինքնորոշման իրավունք» եզրույթը: «Արտաքին քաղաքական ենթատեքստերում Արցախի, Արցախի կարգավիճակի մասով, կարծում եմ, ասվում է այնքանը, ինչքանը այսօրվա Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը թույլատրում է մեզ: Պահվածքը համարում եմ բավարար»,-պատասխանեց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ