Եվրոպական երկրները ցանկանում են մասնակիորեն փակել հակառուսական պատժամիջոցներով պայմանավորված գազի դեֆիցիտը՝ ավելացնելով Ադրբեջանից մատակարարումների ծավալը։ Haber7-ի տարածած լուրը մատուցում է «Գազետա ռու»-ն։
Ըստ պարբերականի, Ադրբեջանն ինքը այժմ ռեկորդային մակարդակի կհասցնի գազի արդյունահանումը։ Եվրոպական երկրներն ակտիվորեն բանակցում են նրա հետ։
Նշվում է, որ Բաքուն ցանկանում է մինչև տարեվերջ հասնել 9,1 մլրդ խմ ծավալի, իսկ հաջորդ տարի արտահանումը հասցնել 11 մլրդ խմ-ի, ինչի վրա հույսը դնում են եվրոպացիները։
Ընդգծվում է, որ մատակարարումները կկատարվեն Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) խողովակաշարերով։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ադրբեջանի մատակարարումները կկարողանան բավարարել ԵՄ-ի կարիքների միայն 4%-ից պակաս մասը։
Մինչ այդ Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ոչ ռուսական աղբյուրներից գազ գնելու ԵՄ կարողությունը մոտենում է սահմանագծին։