Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այս պահին Աղավնոյում համայնքի ղեկավարի ու բնակիչների կողքին են Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները։
Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել։
ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- մանրամասնել է Հ. Թադևոսյանը:
Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գտնվում է Աղավնո համայնքում և հաստատել՝ այնտեղ թալանի որևէ դեպք չի արձանագրվել։
Նշենք, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։