Իսրայելն ուսումնասիրում է Ուկրաինային օգնություն տրամադրելու այլ տարբերակներ՝ բացի մարդասիրական աջակցություն ցուցաբերելուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է CNN-ին տված բացառիկ հարցազրույցում։ Լրագրողը Նեթանյահուին հարց է ուղղել՝ արդյոք Իսրայելը կարող է Ուկրաինային տրամադրել այնպիսի օգնություն, ինչպիսին է, օրինակ՝ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:
«Ես, իհարկե, դիտարկում եմ դա», – հայտարարել է նա: Ընդ որում, Իսրայելի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է տեղափոխել «ավելի վաղ Իսրայելում տեղակայված ռազմամթերքը»։ «ԱՄՆ-ն տարել է իսրայելական ռազմամթերքի զգալի մասը և այն հանձնել է Ուկրաինային», – ընդգծել է Նեթանյահուն։ Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 2022 թ.-ին Իսրայելի հետ համաձայնության է եկել հրեական պետության տարածքում գտնվող ամերիկյան պահեստներից Ուկրաինային 155 մմ տրամաչափի հրետանային ռազմամթերք մատակարարելու վերաբերյալ։