«Մեղադրական եզրակացությունն անբովանդակ է, զուրկ ապացույցներից, հանցակազմ գոյություն չունի, ուստի նույնիսկ խոսք չկա մեղադրանքն ընդունելու կամ չընդունելու մասին»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատական նիստի ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։
Նա ընդգծեց, որ մեղադրանքն աբսուրդային է, բնականաբար, չեն ընդունում։
«Այս մեղադրանքն իմ և Էմմա Սարգսյանի դեպքում պրակտիկորեն իդենտիկ է։ Ես և նա մեղադրվում ենք բացարձակ նույն բանում։ Առաջին օրվանից նախաքննությունը, դատաքննությունը շատ տարօրինակ ասիմետրիկ վերաբերմունք է դրսևորել իմ և Էմմա Սարգսյանի նկատմամբ։ Ընտրվել է խափանման մեկ այլ միջոց Էմմա Սարգսյանի դեպքում, իմ դեպքում՝ ամենադաժանը։ Նրան թույլ է տրվել այլևս չհաճախել դատական նիստերին, իսկ ես ամեն անգամ դժոխային ոստիկանական մեքենայով ստիպված եմ գնալ-գալ մեկ ժամ։
Ես ենթադրում եմ, իմ ներքին համոզմունք է, որ դատավճիռն արդեն պատրաստ է ու դրված է դատարանի դարակներից մեկում։ Այդ դատավճռով Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ, իսկ ես հնարավոր ամենածանր պատիժը։ Հոդվածը հնարավորություն է տալիս մարդուն մի կողմից տուգանել 10 հազար դրամ, մյուս կողմից՝ ազատազրկել 3 տարի։ Իմ համար նախատեսված է 3 տարի։ Դա պարզ է։ Էմմա Սարգսյանը պատահական մարդ է, սա դատավարություն չէ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Էմմա Սարգսյանի և Ավետիք Չալաբյանի, սա դատավարություն է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի, և Էմմա Սարգսյանն այստեղ պատահական մարդ է»,- ասաց Չալաբյանը։
Նա առաջարկեց մեղադրողին Էմմա Սարգսյանի վրայից հանել մեղադրանքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա միայնակ մայր է ու նրան ներգրավել որպես վկա։
«Դա շատ ավելի արդար կլինի։ Ձեր բոլորի, ձեր այս ռեպրսիվ բուրգի կռիվն իմ դեմ է, այդ կռիվը տարեք ինչքան կարող եք, մենք էլ տանելու ենք, ինչքան մենք կարողանանք, իսկ Էմմա Սարգսյանի վրայից հանեք մեղադրանքը։ Նա, ինչպես ես, ոչ մի բան չի արել, բայց դուք ինձ դատում եք ուրիշ բանի համար, իսկ նա այդ ուրիշ բանն էլ չի արել, ուստի իր վրայից հանեք մեղադրանքը»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։
Նա ասաց, որ ներկայացված ձայնագրությունը 40 րոպեի մոնտաժ է սեղմված 4 րոպեում. «Հատուկ պոկած բառեր են, որոնք կարող են ենթադրություն ստեղծել, բայց եթե վերծանվում է, ակնհայտ է, որ նյութական առաջարկ չեմ արել։ Այսինքն, այն հոդվածը, որ ինձ վերագրում եք՝ նյութական շահագրգռություն հավաքներին մասնակցելու համար, իմ խոսքում որևէ նման բան չկա։
«Դատալեքս»-ում մեղադրականն այսպիսին է.
«Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
« Էմմա Գևորգի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Էմմա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։