«Հրապարակ» թերթը գրում է.
«Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլև դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։
Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետևեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման և ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Նշենք, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։ Ի դեպ, հենց այս ընկերությունն է ծակել Հանրապետության հրապարակի պատմամշակութային շենքերը՝ խոստանալով, որ ապամոնտաժումից հետո անցքերը կփակի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում