Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

20 օրից եզակի խճանկարները «կքերվեն» պատերից, էսքիզի հեղինակի որդուն տեղյակ չեն պահել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Առավոտն» ահազանգ էր ստացել Երեւանի Արաբկիր համայնքի Ավետիս Ահարոնյան-5 հասցեի հետ կապված: Ասվում էր, որ ողջ շենքի տարածքը փակված է, անհասկանալի պատնեշներ են հայտնվել այնտեղ, եւ քանի որ մենք տարիներ առաջ անդրադարձել էինք շենքի հետ կապված մի խնդրի, դիմել էին հեղինակիս:


Նախ, 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Արվեստի գործը չի կարելի «արգելափակել»» հոդվածով, անդրադարձել էի Արաբկիր համայնքի Ավետիս Ահարոնյանի փողոցի «Բիլայն» գրասենյակի շենքի պատին, որի ցուցանակի՝ «Կյանքն է ուրախ, երբ միասին ենք» պաստառը արգելափակել էր 1977թ. բացառիկ խճանկար, որը կյանքի է կոչվել 60-ականների ճանաչված նկարիչներ Հրայր Կարապետյանի, Կարապետ Եղիազարյանի, Վաղինակ Մանդակունու եւ Խաչատուր Գյուլամիրյանի շնորհիվ: Նման խճանկար պատ կա նաեւ ՌԴ Ռյազան քաղաքում, երկու անգամ մեծ է հայաստանյանից եւ դարձյալ հեղինակը Հրայր Կարապետյանն է:


«Բիլայն» ընկերությունը, որը զբաղեցնում էր այդ շենքը, անմիջապես արձագանքեց մեր հրապարակմանը: ««Առավոտի» հոկտեմբերի 13-ի «Բիլայնը» հանեց ցուցապաստառը» հրապարակմամբ տեղեկացրինք այդ մասին. «Հրապարակումից հետո «Բիլայն» ընկերությունը հանել է ցուցապաստառը, մաքրել շենքի այն հատվածը, որը փակում էր երկրորդ մեծադիր խճանկարը», ինչպես նաեւ հետագայում մեզ հրավիրեցին խճանկարի հեղինակների անունով հուշատախտակ փակցնելու արարողությանը: Ընկերությունն այդ ժամանակ կապ հաստատեց Մեծ Բրիտանիայում բնակվող Հրայր Կարապետյանի որդու՝ նկարիչ Արմեն Կարապետյանի հետ:

Ի՞նչ է կատարվում հիմա, ինչի ականատեսը դառանք մենք:

Շենքն ամբողջությամբ փակված էր լուսանկարում պատկերված պատնեշով, հազիվ երեւում էր շենքի մի փոքրիկ հատվածը: Երբ լուսանկարում էի, տեղի բնակիչներից մոտեցան, որոնք հարցիս, թե փնտրում եմ նախկին գրասենյակը, ասացին, թե մոտ չորս տարի առաջ շենքը վաճառվել է եւ գրասենյակն այլեւս այստեղ չէ:


Իմ ջանքերը՝ ճշտելու, շենքը «գործո՞ւմ է», ապարդյուն էին: Մի նեղ կիսաբաց դռնով երբ հայտնվեցի փակ տարածքում, ներսից անմիջապես դուրս եկավ պահակը, եւ հարցրեց՝ ի՞նչ եմ ուզում: Ներկայացա, խնդրեցի կանչի որեւէ մեկին, ով կպատասխանի շենքի հետ կապված հարցերիս: Զրուցակիցս տնտեսվար ներկայացած Երվանդ Գրիգորյանն էր, ով ասաց, որ իրենք շինարարություն են սկսելու, շինարարական ընկերություն են, քանդվելու է ողջ շենքը:

Հարցիս, թե երկու պատերի մեծադիր խճանկարները ի՞նչ են լինելու, նա ասաց, որ քսան օրից դրանք հանվելու են պատերից, հետագայում շինարարությունից հետո նորից ամրացվելու համար:

Մեծադիր խճանկարները հայ գիտնականներին, գիտությունը, աշխատանքը, դեպի տիեզերք մեր ճախրանքը, երազանքը փառաբանող եզակի նմուշներ են, խճաքարերով հավաքված: Ու թե տեխնիկապես հեղինակային այս գործը, որը ժամանակին ՀԽՍՀ պետական մրցանակի էր ներկայացված, ինչպես զերծ կմնա անհարկի միջամտության արդյունքում ձեւախեղումից, պատկերացնելն անգամ անհնար է:

Երեկ ես հեռակապով կապվեցի լոնդոնաբնակ նկարիչ Արմեն Կարապետյանի հետ՝ Հրայր Կարապետյանի որդու: Նա անտեղյակ էր, նրան տեղյակ չեն պահել այս ֆանտաստիկ արժեքի «տարհանման» մասին: Մենք գործ ունենք հեղինակային իրավունքի իրավահաջորդի իրավունքները չհարգելու փաստի հետ, չիրազեկելու հետ:

Նա մինչ օրս պահպանում է այդ եզակի կառույցի մասին մասնագիտական էսքիզները, խոսքը, ու նախապես չհարգել դա, հաշվի չնստել դրանց հետ, մեղմ ասած, անփութություն էլ չի, հանցավորություն է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Խոսքս ուղղում եմ նկարիչներին, արվեստագետներին, մասնագիտական խոսքը ձեր շատ կարեւոր է, արդյոք հնարավո՞ր է խճանկարները տեղահանել՝ առանց վնասելու դրանք: Պատրաստ ենք լսել կողմերին:

Նկարները՝ հեղինակի