Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ԱԱԾ-ն, փորձելով մեղմել իրավիճակը, ինչ-որ փոքր թվեր է հրապարակել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ ադրբեջանական առաջխաղացումը շատ ավելին է»․ Գեղամ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Համայնքի բնակիչներն իրենց աշխատանքով են զբաղված, խուճապ չկա, իրենք իրենց զգում են ինչպես սահմանապահներ՝ ի պատիվ մեր բնակիչների պիտի ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա իր գործընկերների հետ երեկ այցելել է Սյունիք՝ Գորիս, Տեղ համայնք, որտեղ խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ մարտի 29-ի գիշերվանից ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում:

Գեղամ Մանուկյանն ասաց՝ այս իրավիճակի պատճառով Տեղ համայնքի բնակիչներից շատերի վարելահողերը, դաշտերն այսօր վտանգի տակ են կամ ուղղակի դրանցից նրանք զրկված են։

Գեղամ Մանուկյանի հետ զրույցում, հղում կատարելով նրա հայտարարություններին, որ անզեն աչքով երևում էր թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքների իրականացումը և այն պնդումը, որ ԱԱԾ հաղորդագրությունը կեսճշմարտությունն է ասում և մանիպուլացնում իրավիճակը, հետաքրքրվեցինք՝ իրականում ի՞նչ իրավիճակ են իրեն արձանագրել, պատգամավորն ասաց․ «ԱԱԾ-ն, փորձելով մեղմել իրավիճակը, ինչ-որ փոքր թվեր է հրապարակել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ առաջխաղացումը շատ ավելին է։ Դեռ ավելին, Ադրբեջանի ուժերը հայտնվել էին գերիշխող դիրքերում, որն անվտանգային հարցեր է առաջացնում, ուղղակի նաև իրենց թիրախավորման տակ է նոր կառուցված ճանապարհը և այդ առումով ուղղակի խախտում է։ Թեև  խոսում են ինչ-որ պայմանավորվածությունների մասին, բայց եթե անգամ պայմանավորվածություններ կային, պետք էր իրականացնել համալիր անվտանգային աշխատանք թշնամու առաջխաղացում թույլ չտալու համար»։

Հետաքրքրվեցինք՝ սա ինչի՞ արդյունք է, մի՞թե հնարավոր չէր նախապես ավելի հարմար դիրքեր զբաղեցնել, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Այս ամենի արդյունքը մեկ բանի հետ է կապված, և այսօր ճիշտ այդ օրն է։ Նիկոլ Փաշինյանի օրն է։ Արդյունքը երկրի քաղաքական կառավարումն ու կամքի բացակայությունն է։ Թշնամական առաջխաղացումների դեմ որևէ հակադիր գործողություն չանելու՝ այս իշխանության քաղաքականությունն է, որի արտահայտությունն է նաև ԱԱԾ հաղորդագրության մեջ էսկալյացիա թույլ չտալու մասին պարբերաբար հայտարարելը»։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ կան, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ինչ-որ խոսում են Ադրբեջանի հետ եղած պայմանավորվածությունների մասին։ Չկա որևէ փաստաթուղթ, կամ եթե կա, դրա մասին հանրությունը տեղյակ չէ։ Ինչ ձևաչափով են եղել Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները՝ գրավո՞ր, բանավո՞ր, թե՝ նիկոլական հասկացություններով համաձայնեցումներ են։ Ի դեպ, նույն կերպ 2020-ի դեկտեմբերի 17-18-ին  ամբողջ Սյունիքում մեր ԶՈւ կամավորական ջոկատները ետ քաշվեցին մեկ-երկու օրվա ընթացքում, երբ էլի խոսում էին ինչ-որ պայմանավորվածությունների մասին։ Հետո Փաշինյանը պարբերաբար խոսում էր բանավոր հասկացությունների մասին, ի վերջո  մեկ տարվա պրպտումից  հետո բացահայտվեց, որ իրականում նա գաղտնի փաստաթուղթ էր ստորագրել, որի հիման վրա էլ զորքերը ետ են քաշվել։ Տվյալ դեպքում էլ, թեև գործում է հայ-ադրբեջանական սահմանագծման, սահմանզատման համատեղ հանձնախումբ, բայց դրա աշխատանքների մասին որևէ մեկը տեղյակ չէ, երբ չկա սահմանագծում, սահմանազատում, ինչի՞ հիման վրա է ենթադրաբար հայ-ադրբեջանական սահմանագիծ գծում և այդ ամենը վստահում սահմանապահ զորքերին։ ՀՀ սահմանապահ զորքերը հայտնի են իրենց նյութատեխնիկական շատ ավելի թույլ հագեցվածությամբ, թույլ կահավորվածությամբ, որովհետև այդպիսին չի եղել սահմանապահ զորքերի խնդիրը։ Ի պատասխան Ադրբեջանը դեռ 2010-ականների կեսերից արդեն Տավուշում սկսեց ամբողջ սահմանի հսկողությունը՝ վստահելով սահմանային զորքերին, որոնք մարտական ստորաբաժանումներ են լայն հագեցվածությամբ։ Ամենախայտառակությունը մի քիչ հուզական տարր է պարունակում, թերևս խորհրդանշում է այս իշխանության փնթի, դավաճանական ընթացքը։ Երբ այս գործընացը տեղի է ունենում և գիտակցում են՝ ինչ-որ հատվածներ անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, գրեթե լեգենդ դարձած և գրեթե Արցախ այցելած ամեն մի հայ ֆոտոալբոմում պահվող «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այդպես գերության մեջ են թողել։ Սրանք ոչ միայն սեփական քաղաքացու կարող են գերության մեջ թողնել, այլ նույնիսկ  արժանապատվության տարր պարունակող այդ ցուցանակը»։

Գեղամ Մանուկյանին հիշեցրինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով», Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Ստում է սրիկայաբար։ Դիրք ասելով ի՞նչ նկատի ունի՝ Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող դիրքե՞ր, սահմանապահ զորքերի կամ այն կետերը, որը ենթադրում է, որ հայկական կողմի վերահսկողության տա՞կ պիտի լինի։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կտրուկ գործողությունների են դիմել, իրենց մարտական հենակետերը պահպանել, և թշնամին այդ հատվածում առաջխաղացում չի ունեցել։ Այլ փակագծեր չբացեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ