Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական թեզը մենք կուլ ենք տվել ու այդ խաղն ենք առաջ տանում. Տարոն Սիմոնյան

«Մեր պետական ու քաղաքական որոշ գործիչների լեզվամտածողությունը վերլուծելով՝ տպավորություն է, որ 20-րդ դարի 10-20-ական թվականներից այս կողմ ընդհնարապես չենք զարգացել, մոռացվել է, որ 1920 թվականից հետո  ընդհանրապես միջազգային հարաբերությունները, իրավունքը զարգացել են»,- ««Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց իրավագիտության թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ դա արտահայտվում է  նաև այն  բառապաշարում, որը վերաբերելի է այս «պայմանագիր կոչվածին»։

«Չկա այդ պայմանագիրը, բնականաբար, չենք կարող դրա դրույթները վերլուծել, բայց այն բառերը, արտահայտությունները, որոնք օգտագործվում են այդ պայմանագիրը բնորոշելիս, որոշակի ենթադրություններ տալիս են»,- ասաց Տ.Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ նախ և առաջ միջազգային  պայմանագրերում վերջին կես դարում խաղաղության համաձայնագիր չի օգտագործվում։

Տ.Սիմոնյանը բացատրեց, թե ինչու չի օգտագործվում. «Միջազգային հարաբերությունները, քաղաքականությունը մինչև առաջին աշխարհամարտի ավարտը խաղաղության պայմանագիրը բնորոշում էին  պատերազմների ավարտման գործիք։ Այն ժամանակ պատերազմներ վարելը նորմալ երևույթ էր, արտաքին քաղաքականության գործիքներից մեկն էր։ Այդպես էր մինչև 1928 թվականը, երբ արգելվեց պատերազմ վարելը, միջազգային հարաբերություններում համարվեց միջազգային  իրավունքի խախտում։ Երկրորդ աշխարհամարտից հետո արդեն ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրելուց, միջազգային նոր իրավակարգ հաստատելուց հետո ընդհնարապես չի օգտագործվում պատերազմ բառը միջազգային իրավունքում, օգտագործվում է միջազգային  կամ ոչ միջազգային կոնֆլիկտ, ագրեսիա որպես քրեական բնորոշում, այսինքն՝ հանցագործություն, պատերազմ  վարելն ինքնին  հանցագործություն է։

Երբ մենք նորից վերադարձ ենք  կատարում 20-ականների մտածողությանը, կարծես թե մտովի վերականգնում ենք այն իրավակարգը, որը գոյություն ուներ այն ժամանակ և, խաղաղության պայմանագիր կնքելով, մենք ենթագիտակցաբար, միգուցե գիտակցաբար, համարում ենք, որ միջազգային իրավունքում ուժի գործադրումն  օրինաչափ է, ոչինչ որ Ադրբեջանն ուժ է գործադրել Հայաստանի նկատմամբ, հիմա եկեք խաղաղության պայմանագիր կնքենք ու որոշենք, թե ինչ ենք անում սրանից հետո։ Մինչդեռ այդպես չի կարող լինել, ուժի գործադրումն, ինքնին   հանցագործություն է։ Դրա հետևանքները ժամանակակից միջազգային իրավունքը տալիս է. նման գործողություն կատարած պետության ղեկավարը, կամ որոշում կայացրած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության»։

Տ.Սիմոնյանի խոսքով, ըստ էության, այս բառապաշարն առաջ քաշողը հայկական կողմը չի եղել, այլ Ադրբեջանը, և, ըստ էության, սա ադրբեջանական թեզ է, որը  կարծես թե մենք կուլ ենք տվել ու այդ խաղն ենք առաջ տանում։

«Այսինքն այն բառերը, որոնք հնչում էին Ադրբեջանի ղեկավարության շուրթերից, հիմա հնչում է հայկական ղեկավարության շուրթերից, որը շատ վտանգավոր է։ Այն, ինչ ժամանակին Ադրբեջանն էր պնդում, օրինակ, ասելով որ մենք պետք է ընդունենք խորհրդային միության վարչական սահմանները որպես պետական սահմաններ, մենք ժամանակին դա մերժում էինք, հիմա կարծես թե ինքներիս ենք այդ թեզը բռնել ու պաշտպանում, որ պետք է առաջ տանենք»,- ասաց նա։

Բանախոսն ընդգծեց, որ միջազգային պայմանագիրը կարող է  և պետք է ուժ ունենա միայն այն պարագայում, երբ դրանում արտահայտված է պետության ազատ կամքը, սպառնալիքի  ներքո կնքված պայմանագրերն առ ոչինչ են, զրոյական ուժ ունեցող փաստաթուղթ։

«Եթե պետությունն ընդունում է, որ ինքը պատերազմ է  պարտվել, պարտության արդյունքում կնքում է խաղաղության պայմանագիր և  այնտեղ ամրագրում է, որ ինքը, այո, համաձայն է և իր ազատ կամքն է արտահայտում այդ պայմանագրում, որ  այսուհետ իր վարքագիծը, զորքերը, սահմանը ինչ որ ձևով պետք  փոխվի, սա նշանակում է,  որ այդ պետությունը կամ սպառնալիքի ներքո է կնքում այդ պայմանագիրը  կամ ընդունում է, որ ինքը ժամանակին ագրեսոր է եղել, հիմա էլ զորքերը հետ է քաշում։ Հիմա  այս երկու տարբերակներից ո՞րն է հայկական պետականությունն առաջ տանում։ Դժվարանում եմ ասել։

Իսկ այս փաստաթուղթ, որին մենք ասում ենք խաղաղության պայմանագիր, եթե  այստեղ էլ պետության ղեկավարությունն ընդունի, որ  սպառնալիքի ներքո է գնում այս քայլին, սա գոնե ինչ որ առումով հետագայում գործիք կարող է ծառայել։ Եթե պետությունը չի ընդունում դա, այլ իր կամքի  ազատ արտահայտման եղանակ է համարում, սա արդեն իրավական հետևանքներ է  առաջացնելու՝ ոչ միայն պայմանագիրն է դառնալու մեզ համար պարտադիր,  հետագայում մեր նկատմամբ կարող են դատաիրավական գործընթացներ սկսել հնարավոր այլ հետևանքներով»,- ասաց Տարոն Սիմոնյանը։